Հայաստանում ենթաակացիզային ապրանք ներկրող ընկերություններն այլեւս ստիպված չեն ապրանքի ակցիզային դրոշմանիշը փակցնել արտերկրում: «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով պայմանավորված, 2012-ի հունվարից ներմուծվող սիգարների եւ մինչեւ 25 հազար շիշ ալկոհոլային խմիչքների ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման գործընթացն իրականացվում է մեր երկրում, այդ նպատակով ստեղծված եւ մաքսային հսկողության ներքո գտնվող` առանձնացված հատուկ մաքսային տարածքում:
«Մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումների նպատակը գործարարաների համար առավել բարենպաստ միջավայր եւ պայմաններ ստեղծելն է` միաժամանակ չթուլացնելով հսկողությունը: Ակցիզային ապրանքների դրոշմավորման գործընթացը մեր երկրում իրականացնելը երկար սպասված քայլ էր թե' գործարարների, թե' պետության համար»,-ասել է Պետեկամուտների կոմիտեի ակցիզային հարկով հարկվող ապրանքների մասնագիտացված մաքսատան պետ Հայկ Ստեփանյանը:
Նրա խոսքով, ներմուծվող բեռը մաքսային հսկողության գոտում դրոշմավորվելուց հետո է միայն բաց թողնվում ՀՀ տարածք: Իսկ մինչ այդ տնտեսվարողը պետք է գրավոր տեղեկատվություն ներկայացնի համապատասխան ստորաբաժանումներին: Ամբողջ գործընթացն իրականացվում է խիստ վերահսկողության ներքո, վստահեցնում է Հայկ Ստեփանյանը: «Դրոշմավորման աշխատանքների նկատմամբ հսկողությունը, ինչպես նաեւ դրոշմավորումից հետո այդ ապրանքների բացթողումն իրականացվում է Մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության, Գերատեսչական հսկողության վարչության եւ Հատուկ բաժնի աշխատակիցների պարտադիր մասնակցությամբ: Դրոշմավորւմից հետո ապրանքների բացթողումն իրականացվում է բացառապես «կարմիր ուղու» ընթացակարգով` դրոշմավորման կանոնների խստագույն պահպանմամբ՚: Իսկ գործարարների խոսքերով, այս փոփոխությունների արդյունքում բավականին հեշտացել է իրենց աշխատանքը. ՙժամանակի անիմաստ վատնումը եւ ավելորդ գումարների ծախսումն այլեւս անցյալում են մնացել»,- վստահեցրել է հայտարարատու Արթուր Կիրակոսյանը:
Նշենք, որ մաքսատանը նաեւ խստորեն հետեւում են միջազգային պահանջներին. ակցիզավորման գործընթացի շուրջ 96 տոկոսն իրականացվում է մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդով, ինչը հնարավորություն է տալիս հիմք ընդունել հայտարարատուի ներկայացրած հաշիվ-ապրանքագիրը:


























