Ֆինանսական ոլորտում սպառողների շահերի պաշտպանությամբ  Հայաստանը գրանցել է մեծ առաջընթաց: Այդ մասին այսօր` հուլիսի 2-ին, հայտարարեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Սյուզան Ռոթլիջը: ՀՀ կենտրոնական բանկի խնդրանքով ՀԲ-ն այս տարվա հունվարին իրականացրել է Հայաստանում սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական գրագիտության ուսումնասիրություն: Այնուամնեյանիվ` Ս. Ռոթլիջը նշեց, որ Հայաստանում քաղաքացիների միայն 17%-ն է օգտվում ֆինանսական ֆորմալ ծառայություններից, իսկ դա շատ ցածր ցուցանիշ է, վկայում է ֆինանսական համակարգի հանդեպ առկա վստահության պակասի մասին:

ՀԲ փորձագետներն այս փուլում կարեւորում են սպառողների ֆինանսական գրագիտության բարձրացումը, ինչպես նաեւ ֆինանսական ինստիտուտների կողմից տրամադրվող տեղեկատվության պարզեցումը:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ սկսած 2007 թվականից Հայաստանը քայլեր է ձեռնարկում սպառողների շահերի պաշտպանության բարելավման ուղղությամբ: Մասնավորապես` ՀՀ ԿԲ-ում ստեղծվել է «Սպառողների շահերի պաշտպանության եւ շուկայի վարվելակերպի» բաժինը, հիմնադրվել է ֆինանսական հաշտարարի գրասենյակը, իրականացվել են մի շարք կրթական միջոցառումներ: