Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն, այսօր` հուլիսի 3-ին, ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով պատրաստակամություն
են հայտնել աջակցել «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ին, քիմիական պարարտանյութերի արտադրությունը տվյալ ընկերությունում վերսկսելու հարցերում:
Նշվել է, որ «Վանաձոր-Քիմպրոմը» պատրաստակամություն է հայտնել
կազմակերպել հետեւյալ պարարտանյութերի արտադրությունը`
1. «Կարբամիդ» 46 % ազոտի պարունակությամբ,
2. «Ամոնիումի սուլֆատ» 20-20.5 % ազոտի պարունակությամբ,
3. Կալիում պարունակող պարարտանյութ:
Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո տեղի ունեցած ասուլիսում նշվել է, որ ըստ օպերատիվ տվյալների, հանրապետությունում գրանցվել է
ցանքատարածությունների ավելացում, այն կազմել է շուրջ 312 հազ. հա, նախորդ տարվա 286.7 հազ. հա-ի դիմաց, արդյունքում վարելահողերի
նպատակային օգտագործման մակարդակը 2012թ. կազմել է 69.5 %, նախորդ տարվա 63.8 %-ի դիմաց: Օպերատիվ տվյալներով ընթացիկ տարում նախորդ տարվանից ավել է ցանվել 21.5 հազ. հա հացահատիկ եւ 2.8 հազ. հա կարտոֆիլ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին արտադրված գյուղատնտեսական արտադրանքի արժեքը կազմել է 150.1 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 3.2 %-ով: Ընդ որում բուսաբուծությունում
աճը կազմել է 7.8 %, իսկ անասնապահությունում` 0.9 %: 2012թ. մայիս ամսվա գյուղատնտեսական արտադրանքի ծավալները գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածը` 4.4 %-ով:
Դրական տեղաշարժեր են գրանցվել գյուղատնտեսական մթերքների իրացման
բնագավառում: Սկսվել է ընթացիկ տարվա պտուղբանջարեղենի եւ խաղողի բերքի գնման նպատակով գյուղացիական տնտեսությունների եւ վերամշակող
ընկերությունների միջեւ պայմանագրերի կնքման գործընթացը:
Սույն թվականի հունիսի 29-ի դրությամբ կնքվել է 4328 պայմանգիր, որից 3344-ը՝ խաղողի եւ 984-ը՝ պտուղբանջարեղենի գնման:
Պայմանագրերի շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 122.8 մլն. դրամ կանխավճար եւ 191.1 մլն. դրամի բուժանյութեր եւ այլ օժանդակություն: Պայմանագրերի կնքման գործընթացը
շարունակվում է:
Սույն թվականի հուլիսի 3-ի դրությամբ, հանրապետությունից արտահանվել է 8302.58 տոննա պտուղբանջարեղեն, որից` 6170.05 տոննա ծիրան, 391.06 տոննա կեռաս, 2.15 տոննա սալոր եւ 847.9 տոննա խաղող: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 4360.87 տոննա պտուղբանջարեղեն, որից 2800.15 տոննա ծիրան, 344.5 տոննա կեռաս, 0.12
տոննա սալոր եւ 326.16 տոննա խաղող:
Սույն թվականի հուլիսի 3-ի դրությամբ, հանրապետության պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 3858.6 տոննա պտուղբանջարեղեն, որից 3407.7 պտուղ, այդ թվում՝ 2411.1 տոննա ծիրան եւ 450.9 տոննա բանջարեղեն:
Նախարարը անդրադարձել է նաեւ պետական աջակցության ծրագրերին,
առանձնացնելով հատկապես`
- «Հայաստանի հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության»,
- «Հայաստանի հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության»,
- «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին»,
- «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում»,
- «Բույսերի պաշտպանության միջոցառումների»
- «Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման»
- «Տոհմային կենդանիների ներմուծման միջոցառումներ,
- «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսա¬դրույքների
սուբսիդավորման»,
- «Գյուղական խորհրդատվական ծառայություններ»,
- «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ
մրցունակության» ծրագրերը:
Նշված ծրագրերը իրենց անմիջական դրական ազդեցությունը կունենան
գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի օգտագագործման մակարդակի
բարձրացման, գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների
ավելացման եւ մրցունակության բարձրացման վրա:


























