Վատիկանում, հունիսի 3-29-ին, տեղի է ունեցել Վատիկանի աստղադիտարանի 13-րդ միջազգային ամառային դպրոցը, որին մանսակցել է նաեւ հայ աստղագետը:

Այս ամառային դպրոցների շարքը աշխարհում ամենահեղինակավորներից է նմանատիպ միջոցառումների թվում: Դրանք սկսած 1986 թվականից անցկացվում են երկու տարին մեկ անգամ, տեւում են 4-ական շաբաթ, ներգրավվում են 25-ական երիտասարդ եւ ամեն անգամ նվիրվում են աստղագիտության կարեւորագույն եւ հրատապ թեմաներից մեկին:

Այս անգամ դպրոցի թեման էր աստղակույտերի կազմավորումն ու էվոլյուցիան, իսկ քննարկվող հարցերի թվում էին աստղերի կառուցվածքը եւ էվոլյուցիոն փուլերը, մոլորակների կազմավորումը, աստղային բնակչությունները եւ դինամիկան, գնդաձեւ աստղակույտերը, աստղակույտերի կազմավորման տեսությունը եւ այլն: Դպրոցին գրանցված մոտ 160 երիտասարդ աստղագետներից եւ ուսանողներից ընտրվել էին 25 հոգի հետեւյալ 23 երկրներց` ԱՄՆ. Արգենտինա, Բրազիլիա, Բուլղարիա, Գերմանիա, Թայվան, Թաիլանդ, Ինդոնեզիա, Իտալիա, Հայաստան, Հոնդուրաս, Կոստա Ռիկա, Կանադա, Մադագասկար, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Նեպալ, Չիլի, Պերու, Վենեսուելա, Վիետնամ, Վրաստան եւ Սլովակիա: Հայաստանի ներկայացուցիչն էր ՀՀ ԳԱԱ Վ.Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող Հայկ Աբրահամյանը: Դասընթացները բաժանված էր 3 հիմնական մասերի` առավոտյան եւ երեկոյան դասախոսություններ եւ գործնական պարապմունքներ: Դասախոսություններ կարդալու համար հրավիրված էին հայտնի գիտնականներ Դուգլաս Հեգգին (դասընթացների ղեկավար, Էդինբուրգի համալսարան), Դեյվիդ Բրաունը (ֆակուլտետի դեկան, Վատիկանի աստղադիտարան), Խոսե Ֆյունեսը (Վատիկանի աստղադիտարանի տնօրեն), Ֆրանչեսկա Դանտոնան (Հռոմի աստղադիտարան), Նեյտ Բաստիանը (Մյունխենի համալսարան) եւ Մարկ Գիլեսը (Քեմբրիջի համալսարան, Մեծ Բրիտանիա): Յուրաքանչյուր ուսանող ներկայացրեց 15-20 րոպեանոց զեկույց: Հայաստանի ներկայացուցչի զեկույցը նվիրված էր Հայաստանի հիշարժան վայրերին, Բյուրականի աստղադիտարանին եւ երկնքի ենթակարմիր աղբյուրների վերաբերյալ իր կատարած աշխատանքին: Ամառային դպրոցի ընթացքում տեղի ունեցավ նաեւ հանդիպում Հռոմի Պապի հետ եւ բազմաթիվ էքսկուրսիաներ` Վատիկանի թանգարաններ, Ֆլորենցիա, Գալիլեո Գալիլեյի տուն եւ թանգարան, Պիզայի աշտարակ, Միջերկրական ծով եւ տասնյակ ամրոցներ: