Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի  արտագնա նիստը առաջին անգամ  «Շիրակ կենտրոն» ՀԿ-ից հայտնում են, որ Հայաստանի քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադեւոսյանի նախագահությամբ կայացավ երեկ` հուլիսի 5-ին, Գյումրիում: Ի տարբերություն նախորդ նիստերի այն այս անգամ տեղի ունեցավ ոչ թե Շիրակի մարզպետարանի, այլ ՀՀ քաղշին. նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնում, որը կեսօրից սկսվեց եւ ավարտվեց ուշ երեկոյան:

Հանձնաժողովի նիստը աշխատանքային էր եւ ի տարբերություն նախորդ նիստերի, թեեւ քաղաքացիների մասնակցությունը նախատեսված չէր, սակայն նորանշանակ նախարարը ստիպված էր նիստի սկզբում ընդունել բնակարանային խնդիրներ ունեցող մոտ 80 գյումրեցիների:

Այնուհետեւ հանձնաժողովի նիստում քննարկվեց աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված մեկ  սենյականոց բնակարանների մոտ 150 ընտանիքների փաստաթղթերի փաթեթներ: Նիստի ընթացքում քննարկվեց նաեւ Մուշ-2 թաղմասում կառուցվող 640 եւ 2010 թ.-ին կառուցված շենքերից ազատ 7 հատ մեկ սենյականոց, ինչպես նաեւ բոլոր վիճակահանությունների ժամանակ շահառուների բացակայության պատճառով չբաշխված բնակարանների վիճակահանությունների անցկացման կարգն ու ժամանակացույցը: Բնակբաշխման հաջորդ վիճակահանությունները հաջորդաբար կկայանան հուլիսի 20-ին եւ 27-ին: Բնակբաշխման հանձնաժողովի նիստում որոշում կայացվեց, ՀՀ կառավարության համապատասխան որոշումների պահանջների համաձայն, Գյումրու անօթեւանների հերթացուցակում հաշվառված, սակայն բնակարան ստանալու շահառուներ չճանաչված եւս մոտ 130 ընտանիքներին մերժումների մասին իրազեկելու խնդրով նիստեր գումարելու կարգի մասին:

Նշենք, որ «Շիրակ կենտրոնը» ինչպես նախկինում, այնպես էլ առաջիկայում շարունակելու է մասնակցել եւ դիտարկել ՀՀ կառավարության բնակբաշխման հանձանժողովի բոլոր նիստերի աշխատանքները, ամբողջական մոնիտորինգի է ենթարկելու բնակարանների հատկացման ողջ գործընթացը, այդ թվում առցանց հեռարձակելու եւ տեսաձայնագրելու է, ապա համացանցում է տեղադրելու է բնակարանների վիճակահանությունների ընթացքի ամբողջական տեսաձայնագրությունները: