Հեռուստատեսությունների վարած քաղաքականության խնդիրը լայն սպեկտոր ունի եւ միակողմանի լուծում հնարավոր չէ տալ. Կա հեռուստատեսությունների վատ աշխատանք, կա ազգային մշակույթի վատ լուսաբանում, կան ֆինանսական լուրջ խնդիրներ, որոնք լուծելու դեպքում միայն հնարավոր է զարգացնել հայկական մշակույթը։ Այս մասին, այսօր` հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կարին» ավանդական պարի-երգի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։
«Հաճախ ներդրումներ կատարվում են ոչ ազգային մշակույթին, այլ «չմշակույթին» վերաբերող հաղորդումներում։ Այսօր մենք հեռուստատեսություն շատ ունենք, հատկապես՝ ավելորդ»,- ասաց նա:
Գագիկ Գինոսյանի խոսքով` երկրում տեղի ունեցող կառավարական համերգներում պետք է չցուցադրվի ցածրորակ եւ ապազգային մշակույթ, երկրի մշակութային քաղաքականությունը, պետական հովանավորչությունը բացառապես պետք է ուղղված լինի ազգային մշակույթին, բարձրաճաշակին։ «Որտեղ աղավաղվում է հայոց լեզուն, պետությունը չպետք է հովանավորի, մեր ղեկավարությունը չպետք է ծափ տա ռաբիսին։ Կառավարական համերգներին պետք է լինի նախ եւ առաջ Կոմիտաս, հետո նոր զարկ տալ մնացածին»,- ասաց նա:
Նրա կարծիքով` սխալ է, երբ պետական գումարներով նկարում ենք «Տաքսի էլի լավա» կամ նմանատիպ այլ պրոյեկտներ, որոնք բացի դեգրադացումից, ոչ մի այլ տեղ չեն տանում հայ հասարակությանը։ Գագիկ Գինոսյանն առաջարկում է փոխել եւ հստակեցնել հեռուստաընկերությունների չափորոշիչները, պարբերաբար պետք է եթեր գնան ճաշակ սերմանող, ազգային մոտեցում ունեցող հոգեկերտվածքով հաղորդումներ, տեսահոլովակներ։



























