«Հարսնաքարի» դեպքերը երկրում անպատժելիության հետեւանք են: Այս մասին այսօր՝ հուլիս 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրող, հրապարակախոս Վահրամ Սահակյանը: «Երբ որ Գագիկ Բեգլարյանին չբռնեցին, ով հրահանգել էր մարդ ծեծել, դրանից հետո բոլորն զգացին, որ կարելի է մարդ ծեծել ու հանգիստ ապրել, եթե մի պատիժը ներում են, հանգիստ է անցնում,կարող է լինի երկրորդը, չորրորդը: Եթե Գագիկ Բեգլարյանին չբռնեցին, հետո կարող էր լինել Գերմանացի Ռուբենը, Իսպանացի Արթուրը, եթե երկրում չկա պատիժ, ուրեմն կնշանակի ամեն ինչ կարելի է՝ սրան ծեծենք, նրան ծեծենք: Եթե երկրում չկա պատիժ, ուրեմն կնշանակի կա անպատժելիություն»,- ասաց Վահրամ Սահակյանը:
Գրողը մեկ անգամ եւս շեշտեց, որ սկզբնապես իր արտահայտած կարծիքը՝ ռեստորան մարզահագուստով մտնելու համար ծեծի ենթարկելու մասին, ճիշտ չէր, քանի որ ինքը չգիտեր եղելությունը, իրեն ապատեղեկատվություն էին հայտնել:
Առհասարակ, Վահրամ Սահակյանը կարծում է, որ մեր բոլոր պաշտոնյաններին կարելի է գնդակահարել: Նա նաեւ ներկայացրեց իր կարծիքը երեք նախագահների մասին: «Լեւոն Տեր-Պետրոսյանը դավաճան է, ո՞նց չվիրավորեմ, նա այս ազգի առաջին դավաճանն է, իսկ Սերժ Սարգսյանը միտք ունի, գլուխ ունի, գիրք է կարդում, Վահրամ Սահակյան է կարդում: Ռոբերտ Քոչարյանը վաբշե մարդ չէր: Ժողովորդն իրեն շատ լավ անուն էր դրել՝ գյուռզա: Սերժը մեղավոր է, եթե ինքը Գագիկ Բեգլարյանին բռներ, այս դեպքը չէր լինի, որովհետեւ կհասկանային, որ գոյություն ունի պատիժ»,- ասաց հրապարակախոսը: Նրա համար «կարգին երկիր» է Արաբական Միացյալ Էմիրությունները, քանի որ այնտեղ խմել չի կարելի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 8-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ սպա Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառության արարողությունն ուղեկցվել է ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից ուժի գործադրմամբ: Ոստիկանությունն արգելել է հավաքվածներին մոտենալ «Հարսնաքար» ռեստորանին, ինչից հետո մարդիկ ի նշան բողոքի փակել են Աճառյան փողոցը: Կարմիրբերետավորներն ու վահաններով եւ մահակներով զինված ոստիկանները` Երեւանի փոխգնդապետ Ռոբերտ Մելքոնյանի ցուցումով, ուժ են կիրառել, հրել եւ քաշքշել մարդկանց: Ի դեպ, «Հարսնաքար» ռեստորանում է եղել նաեւ Ազգային Ժողովի պատգամավոր, Ռուբեն Հայրապետյանը, ով հարվածել է Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանին` նրան գետին տապալելով:
Վերջինս Panorama.am կայքին ասել էր, թե Հայրապետյանի հասցեին որեւէ վիրավորական արտահայտություն չի արել. «Ես ընդամենը լուսանկարել եմ տվյալ տարածքում կանգնած ոստիկաններին, ոչ ես որեւէ բան չեմ ասել, ես չեմ եկել ընդեղ ցույցին մասնակցելու ես այնտեղ եղել եմ որպես Հելսինկյան ասոցիացիայի աշխատակից, դիտորդ, իրավապաշտպան»:
Չկարողանալով մոտենալ ռեստորանին, հավաքվածները երթ են արել Բաբաջանյան պողոտայով` դեպի Ռուբեն Հայրապետյանի առանձնատուն, որը եւս շրջապատված է եղել ոստիկանական մեծ ուժերով: Հավաքվածները վանկարկել են «Նեմեց-մարդասպան» եւ այլ կարգախոսներ:
Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի



























