Արմավիր մարզի Մրգաշատ համայնքում կիրակի օրը` հուլիսի 8-ին տեղի ունեցած ընտրություններից հետո  գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Գեւորգ Դանիելյանի հաղթանակից հետո անկուսակցական Լավրենտ Մարտիրոսյանի մարդիկ կոտրել են գյուղի ակումբի դռները, պատուհանները եւ ջարդուփշուր արել տարածքը, որտեղ տեղակայված է ընտրատեղամասը:

Իսկ հուլիսի 9-ին էլ գյուղացիներից մեկին են ծեծի ենթարկել գյուղապետին ձայն տալու համար: Գյուղում ստեղծված իրավիճակից ժողովուրդը վախեցած  է ու երեխաներին նույնիսկ մանկապարտեզ չեն ուղարկում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմավիր մարզի Մրգաշատի գյուղապետ Գեւորգ Դանիելյանը:

Գյուղապետից նաեւ տեղեկացանք, որ նա  կատարվածի մասին հաղորդում չի տվել ոստիկանությանը, բայց եթե ստեղծված իրավիճակը չհանդարտվի, չի բացառում, որ դիմի ոստիկանություն: ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենք կատարվածի մասին հաղորդում չեն ստացել: Հարկ է նկատել, որ ընտրությունների արդյունքներով Գեւորգ Դանիելյանը ստացել է 1644 ձայն,  իսկ Լավրենտ Մարտիրոսյանը` 1169:  Գյուղապետից հետաքրքրվեցինք, թե ճիշտ են խոսակցությունները , որ Լավրենտ Մարտիրոսյանին սատարում է գեներալ Մանվել Գրիգորյանը, ինչին ի պատասխան ասաց.«Չգիտեմ միայն մի բան կարող եմ ասել, որ այս գործին ոչ ոք տեր չի կանգնում»:

Հարցին, թե հնարավոր է նոր ընտրություններ անցկացվեն, գյուղապետն ասաց, որ Հայաստանում  ինչ էլ ասես հնարավոր է: Վերջինս նաեւ հիշեցրեց, որ ՀՀԿ-ի կողմից է առաջադրվել եւ ունի կուսակցության աջակցությունը:

Հարցին, թե ինչ գործողությունների է դիմելու ստեղծված իրավիճակը հանդարտեցնելու համար, Դանիելյանը պատասխանեց. «Եթե էլի այդ ամենը շարունակվի, ես ամբողջ գյուղի ժողովրդին հանելու եմ եւ չգիտեմ էստեղ սպանություն կլինի, թե ինչ կարող է լինել»: Ի դեպ, գյուղապետը նաեւ ասաց, որ տանից դուրս չի գալիս եւ իր ընկերներն են գալիս իրեն շնորհավորելու: