Օրերս աշխատանքից ազատվել է Վանաձորի անձնագրային բաժանմունքի պետ Վաչիկ Միսկարյանը: Նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
«Հիշեցնենք, որ հունիսի 21-ի համարում «Ազգային ժողովի փոխարեն` մեկուսարան» վերնագրով հրապարակման մեջ մենք ներկայացրել էինք լրագրողական հետաքննության արդյունքում պարզված որոշ մանրամասներ: Մասնավորապես, որ իրավասու մարմինները, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը` Մարուքյանին տրամադրել են կեղծ տեղեկանք` վերջին հինգ տարիներին Հայաստանում մշտապես բնակվելու մասին: Իրականում Մարուքյանն աոնվազն մեկ տարի Հայաստանում չի բնակվել եւ 2009 թ. օգոստոսից 2010թ. հուլիսը սովորել է ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանում: Խնդիրն այն է, որ օրենսդիր գործունեությունից առաջ օրենք խախտելը ոչ միայն անտրամաբանական է, այլեւ անբարո: Ինչեւէ: «ՉԻ» տեղեկություններով` Վանաձորի դատախազ Կարեն Շահբազյանի պաշտոնական ցուցումով կամ ընկերական հորդորով է անձնագրային բաժնի պետ Վաչիկ Միսկարյանը կեղծ տեղեկանք տրամադրել Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, այժմ` պատգամավոր Էդմոնդ Մարուքյանին, առ այն, որ վերջին հինգ տարիների ընթացքում նա մշտապես բնակվել է Հայաստանում: Դե, իհարկե, անձնագրայինի պետին գործից հանելն ավելի հարմար տարբերակ է, քան դատախազի խաթրին կպչելը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:



























