Հուլիսի 7-ին լույս է տեսել ԱԳՆ աշխատակից Գեւորգ Ղարիբջանյանի «Հաֆեզ ալ-Ասադը եւ ուղղիչ շարժումը Սիրիայում» գիրքը: Այն հրատարակվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ:

Գրքի խմբագիրն է պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի գիտությունների վաստակավոր գործիչ Նիկոլայ Հովհաննիսյանը:

Աշխատության մեջ քննարկվում են Սիրիայում 1970թ.-ի սկզբնավորված շարժման պատմական նախադրյալները, դրդապատճառները, նպատակներն ու սկզբունքները: Լուսաբանվում է 1971-2000թթ. Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ, շարժման հիմնադիր Հաֆեզ ալ-Ասադի հայացքներն ու քաղաքական ուղեգիծը, ինչպես նաեւ Սիրիայի ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսական զարգացումների առանձնահատկությունները:

Գիրքը նախատեսված է արաբագետների, միջազգայնագետների, դիվանագետների եւ ընթերցող լայն շրջանակների համար:

Աշխատանքի աղբյուրագիտական հենքը կազմում են հայերեն, ռուսերեն, արաբերեն եւ անգլերեն լեզուներով փաստաթղթերը, սկզբնաղբյուրներն ու հետազոտությունները, հուշերն ու քաղաքական գործիչների ելույթները:

Սույն մենագրության հրատարակմանը մեծապես նպաստել է այն հանգամանը, որ հեղինակն ասպիրանտուրայում ուսանելու ընթացքում աշխատել է Դամասկոսի «Ասադի» անվան գրադարանում եւ Դամասկոսի մերձավորարեւելյան հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտում, իսկ 2007-2010թթ.` Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունում: