Կրթության եւ գիտության նախարարությունում այսօր` հուլիսի 10-ին, տեղի է ունեցել Dasaran.am կրթական ծրագրի նախաձեռնած, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ու ՀՀ ոստիկանության աջակցությամբ իրականացվող «Ավտոդպրոց» նախագծի շնորհանդեսը:
Նախագծի շնորհանդեսին մասնակցել են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը եւ Dasaran.am կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը:
ԿՏԱԿ-ի տնօրեն Ա. Պողոսյանը նշել է, որ ԿԳՆ-ն խրախուսում է հայալեզու կրթական էլեկտրոնային բովանդակության տարածումը` այդ համատեքստում կարեւորելով «Ավտոդպրոց» նախագծի գործարկումը, որը, ըստ ԿՏԱԿ-ի տնօրենի, առաջին հերթին ուղղված է աշակերտների, ինչպես նաեւ նրանց ծնողների եւ վարորդների երթեւեկության անվտանգության կանոննների իրազեկման մակարդակի բարձրացմանը:
Dasaran.am կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը նշել է, որ ծրագիրն աշակերտների շրջանում երթեւեկության կանոնների իմացությունը խրախուսելու նպատակով նախատեսում է նաեւ անցկացնել բազմաթիվ մրցույթներ, որոնք, Ս. Ալոյանի համոզմամբ, աշակերտների գիտելքի հարստացման լուրջ խթան կհանդիանան: Dasaran.am կրթական ծրագրի հիմնադիրը հավաստիացրել է, որ ծրագիրը հասանելի կլինի ոչ միայն Dasaran.am-ում գրանցված բաժանորդներին, այլեւ յուրաքանչյուր քաղաքացու, ով ցանկանում է առցանց սովորել երթեւեկության կանոնները: Ծրագրի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կունենա վարորդական իրավունքի տեսական քննությունից առաջ առցանց վերապատրաստվել:
Dasaran.am կրթական ծրագիրը, որի առաքելությունն է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել Հայաստանում կրթության որակի բարձրացմանը, գործում է 2009 թվականից: Այն հասանելի է արդեն Երեւանի եւ ՀՀ մարզերի 345 դպրոցներում: Ծրագրի շրջանակում 2011թ. օգոստոսին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի` ծրագիրը ստացել է պետական հովանավորություն եւ դարձել պարտադիր առաջին փուլում Երեւանի, ապա ՀՀ բոլոր մարզերի դպրոցների համար: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ ծրագրի՝ նախկինում վճարովի ծառայությունները 2011թ. օգոստոսից դարձել են լիովին անվճար:
Ծրագրի նպատակն է դյուրացնել ուսուցիչ-աշակերտ-ծնող կապը, ինչպես նաեւ ամրապնդել որակյալ կրթության անհրաժեշտության եւ կարեւորության գաղափարը, բացահայտել ու խրախուսել աշակերտներին ներդպրոցական, միջդպրոցական եւ համահայկական ինտելեկտուալ մրցույթների, խաղերի միջոցով, ինչպես նաեւ ձեւավորել աշակերտների, ծնողների եւ ուսուցիչների հաղորդակցման հատուկ համակարգ եւ բարձրացնել դպրոցների գործունեության թափանցիկությունը:



























