Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որի շրջանակում բնակիչների հետ միասին նախ մասնակցել է Ռուբինյանց  2, 2/1, 2/2 շենքերի միջնամասի նորակառույց բակի հանդիսավոր բացմանը: Խաղային ատրակցիոններով ու մարզասարքերով կահավորված, կանաչապատ ու բարեկարգ բակը բնակիչների հավաստմամբ իսկապես մեծ ու սպասված նվեր էր, որի համար նրանք իրենց շնորհակալությունն են հայտնել Տարոն Մարգարյանին ու նրան հանձնել վերոնշյալ շենքերի բոլոր բնակիչների անունից պատրաստված շնորհակալագիրը: Քաղաքապետն իր հերթին, շնորհավորելով բնակիչներին, հորդորել է հոգ տանել, խնամել եւ պահպանել տարածքը:

Տարոն Մարգարյանը մասնակցել է նաեւ Լեփսիուսի-6 հացեի նորակառույց բակի բացմանը: Տարածքի հնաբնակների հավաստմամբ ավելի քան կես դար իրենց բակը մատնված է եղել անուշադրության եւ մեքենաների անընդհատ երթեւեկի պայմաններում երեխաների համար խաղահրապարակը միայն երազանք է թվացել, որն այժմ դարձել է իրականություն: Բարեկարգման ծրագրի շրջանակում նախկին բոստանային տարածքն առանձնացվել է եզրաքարերով եւ գունագեղ ցանկապատով: Կառուցումից հետո բակում ստեղծվել են հանգստի մի քանի գոտիներ, ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծերի համար: Տեղադրվել են նստարաններ, խաղային ատրակցիոններ ու զրուցարան:

Ուլնեցի 2-րդ փակուղու 1, 2-րդ շենքերի բակում կառուցված նոր խաղահրապարակը քաղաքապետի այցի պահին լեփ-լեցուն էր աշխույժ փոքրիկներով ու ոգեւորված բնակիչներով: Բակի բարեկարգումից զատ այստեղ նկարազարդվել ու գունազարդվել էին նաեւ հարակից շենքերի եւ ավտոտնակների պատերը: Շնորհավորելով բնակիչներին ու լսելով նրանց գոհունակությունը բակերի բարեկարգման ծրագրի մասին, Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ առաջիկա տարիների ընթացքում մայրաքաղաքի բոլոր բակերը կլինեն բարեկարգ ու կանաչապատ, մանուկներն էլ կունենան նոր խաղահրապարակներ: «Վարչական բոլոր շրջաններում այսօր սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են բակերի բարեկարգման աշխատանքները: Ինչ խոսք, մայրաքաղաքի բոլոր բակերը մեկ կամ երկու տարում բարեկարգելը հնարավոր չէ, բայց որ մենք սկսել ենք լայն թափով իրականացնել այս աշխատանքները, տեսանելի է բոլորին: Վստահեցնում եմ, որ այս ծրագիրը լինելու է շարունակական եւ մի քանի տարի անց մայրաքաղաքում այլեւս չի մնա չբարեկարգված բակ կամ խաղահրապարակ: Մեզ համար առաջնահերթը երեւանցիների համար հարմարավետ միջավայր ստեղծելն է ու մենք հասնելու ենք այդ նպատակին` նպատակային աշխատանք տանելով մայրաքաղաքի համաչափ զարգացման ուղղությամբ»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը այցելել ու հետեւել է նաեւ Դավիթ Անհաղթի 21 հասցեում գտնվող Մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներին: Զեկուցվել է, որ շենքում առանձնացված են արվեստի խմբակների դասասենյակներ, որոնք նորոգման աշխատանքներից հետո կկահավորվեն համապատասխան գույքով: Ամբողջությամբ վերազինվելու է նաեւ դահլիճն ու բեմը, որտեղ հնարավոր կլինի ինչպես պարային, թատերական միջոցառումներ բեմադրել, այնպես էլ կազմակերպել կինոդիտումներ:  

Քաղաքապետը այցելել է նաեւ մայրաքաղաքի այս տարվա ճանապարհաշինական խոշոր ծրագրերից մեկի` Ուլնեցու փողոցից դեպի Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ նոր շրջանցիկ ավոտճանապարհի շինհրապարակ եւ տեղում հետեւել աշխատանքների ընթացքին: Լսելով պատասխանատուների զեկույցները աշխատանքների ընթացիկ փուլի մասով, Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ ճանապարհի առաջին փուլով նախատեսված աշխատանքներն ավարտվեն սահամանված ժամանակացույցի համաձայն, միեւնույն ժամանակ նախապատրաստական աշխատանքներ տանելով ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի ուղղությամբ: