Թեեւ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի հանրապետության օրենքով ուղղակիորեն նախատեսված չէ իրավաբանական անձի՝ կնիք ունենալու պարտականությունը, գործնականում ձեւավորվել է սովորույթ, որի համաձայն իրավաբանական անձ ստեղծելիս կազմակերպության ղեկավարը ձեռք է բերում կնիք: Այդ մասին նշված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած տեղեկանքում: Այդ երեւույթը ավելորդ դժվարություն է ստեղծում իրավաբանական անձի հենց կազմավորման փուլում, քանի որ մինչ այդ կնիքի ձեռք բերելը իրավաբանական անձը փաստացի զրկված է լինում որեւէ գործողություն կատարելու հնարավորությունից (օրինակ` չի կարող այլ անձի լիազորել՝ կազմակերպության անունից հանդես գալու համար): Բացի այդ` կնիքի օգտագործումը, ինչպես ցույց է տվել փորձը, որեւէ հավելյալ երաշխիք չի ստեղծում փաստաթղթերի կեղծման տեսանկյունից:

Գործող օրենսդրության համաձայն՝ մի շարք փաստաթղթեր լրացնելիս կամ կազմելիս իրավաբանական անձը պարտավոր է դրանք հաստատել կազմակերպության կնիքով, իսկ որոշ դեպքերում կնիքով վավերացնելը թողնված է կազմակերպության ղեկավարի հայեցողությանը:

ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ կառավարության հուլիսի 12-ի նիստի հաստատմանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատման ծառայություն մատուցող ընկերությւոնները կարող են հայտեր ներկայացնել առանց կնիքների: