Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մասնակի բավարարել է փաստաբան Վահե Գրիգորյանի հայցը` ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Հայաստանի կառավարությունը Վահե Գրիգորյանին պետք է հատկացնի 2500 եվրո։
վերջինիս պահանջած 128 400-ի փոխարեն:

Վահե Գրիգորյանը Բուզանդի փողոցի`բնակարանից զրկված  բնակիչների փաստաբանն էր, 2005-ի հոկտեմբերի 7-ին ձերբակալվել էր խարդախության եւ փաստաթղթերի կեղծման մեղադրանքով։ 

«Առավոտը» այս կապակցությամբ պարզաբանում է խնդրել ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանից:

«- Մի շարք լրատվամիջոցներ, նաեւ «Առավոտը»` անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում  ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան  Վահե Գրիգորյանի դիմումի քննությանը, նշել են, որ վերջերս Եվրադատարանն իր վճռով բավարարել է փաստաբանի հայցը եւ եզրակացրել, որ ՀՀ կառավարությունը փաստաբանի նկատմամբ կալանք կիրառելով` խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասը (Ազատության իրավունք) եւ եւ նույն կոնվենցիայի 6-րդ մասը` արդար դատավարություն:

- Վահե Գրիգորյանը դիմել է Եվրոպական դատարան`նշելով, որ խախտվել են իր հետեւյալ իրավունքները` անձի ազատության եւ անձեռնմխելիության իրավունքը, որը նախատեսված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով, արդար դատաքննություն իրավունքը, որը սահմանվել է 6-րդ հոդվածով, ազատ արտահայտվելու իրավունքը: Այսինքն` խախտվել են կոնվենցիայի 5-րդ, 6-րդ եւ 10-րդ կետերը:
Եվրոդատարանը սկզբունքորեն անընդունելի է ճանաչել Վահե Գրիգորյանի հայցի բոլոր կետերը` բացի մեկից:
Այլ կերպ ասած` Եվրոդատարանը համարել է, որ անձի ազատության ու անձեռնմխելիության առումով պետությունը որեւէ խախտում թույլ չի տվել: Այսինքն` նրա ձերբակալումը, կալանավորումը, քրեական հետապնդման հարուցումը եղել են ՀՀ օրենսդրության ու Եվրոպական կոնվենցիայի սահմաններում ու շրջանակներում:
Արդյունքում դատարանը հիմնավոր է համարել միայն մեկ փաստարկ: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունք: Եվ այն հանգամանքը, որ այդ քրեական գործը քննվել է առնվազն 2005թ. հունիսի 10-ից մինչեւ 2010թ. սեպտեմբերի 10-ը, դատարանը այդ ժամանակահատվածը համարում է ողջամիտ ժամկետի խախտում: Հենց այդ հիմքով ներկայացված 128 400 եվրոյի պահանջի դիմաց դատարանը  հատկացրել է 2500 եվրո:
Այն հանգամանքը, որ ինքը Եվրոպական դատարան դիմում է 6 հոդվածի խախտման պահանջով, մինչդեռ դատարանն ընդունելի է համարում միայն մեկը, այն էլ միայն երկարաժամկետության առումով, սա զուտ պրոֆեսիոնալ տեսակետից հաղթանակ չէ իրեն հարգող փաստաբանի համար:
Ավելացնեմ, որ  ողջամիտ ժամկետի չպահպանելը բլանկետային նորմ չէ, այն ավելի շատ տարածական եւ նախադեպային վերլուծությունների արդյունքում քննարկման ենթակա իրավունք է, որն այս դեպքում դատարան հանարել է, որ խախտվել է:
Իսկ հանգամանքների ընդհանուր վերլուծությունից այնպիսի տպավորություն է, որ դատարան դիմելիս հարգելի փաստաբանը իր փաստարկները հիմնավորելու տեսանկյունից փաստաբանի խորհրդատվության պակաս է ունեցել»,- Գեւորգ Կոստանյանի խոսքերը մեջբերում է «Առավոտը»: