Աբովյան-Երեւան եւ Չարենցավան-Երեւան երթուղիները սպասարկող թիվ 259 եւ 275 ավտոբուսներն դուրս են եկել երթուղի: Այդ մասին այսօր` հուլիսի 12-ին լրագրողներին հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Նշենք, որ նախարարը դժկամությամբ էր պատասխանում լրագրողների հարցերին, որոնք ստիպված էին կառավարության շենքից նախարարին «ուղեկցել» մինչեւ մոտակա խաչմերուկը:
Հարցին, թե արդյոք անօրինականություն չէ՞ բարեգործական հիմնադրամի կողմից այլ ընկերությանը պատկանող երթուղիով ավտոբուսների անվճար շահագործումը, Գ. Բեգլարյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Ո՞վ է համոզվել, որ անօրինականություն է, կարո՞ղ եմ հասկանալ, որպես լրագրո՞ղ եք ասում, համոզվե՞լ եք: Ճիշտը կասենք, անօրինականություն կա՞, թե՞ չէ»:
Հարցին, թե ինչու տրանսպորտի եւ կապի նախարարությունը չի արձագանքում տրանսպորտային ընկերության բողոքին, Գ. Բեգլարյանն պատասխանեց, որ իր իմանալով` անմիջապես էլ արձագանքել են: Հարցին, թե ինչպիսի՞ն է իր կարծիքը որպես նախարար, Գ. Բեգլարյանն արձագանքեց. «Որպես նախարար` այսօր պարզաբանումներ ենք անում` անօրինականությունն ինչո՞ւմ է կայանում, կա՞ անօրինականություն, թե՞ չկա»:
Տրանսպորտի եւ կապի նախարարը խոստացավ մանրամասները ներկայացնել վերջնական պարզաբանումից հետո:
«Ամենակարեւորը` այսօր երթուղի են դուրս եկել, ի՞նչ գիտեք` շահույթ չեն ստանում, թողեք մենք պարզաբանենք: Ինձ համար հիմք չի, թե ով ինչ է ասում»,- լրագրողների համառ պնդումներին արձագանքեց Գ. Բեգլարյանը:



























