Երեւանում, հուլիսի 13–ին՝ ժամը 16.00–ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի գրասենյակում տեղի կունենա լուսանկարների ցուցահանդես եւ բնապահպանական թեմայով սոցիալական գովազդի շնորհանդես՝ կազմակերպված «Համայնքների ձայնը հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագրի շրջանակում։

Ցուցահանդեսում կներկայացվեն Գյումրիի  «Մուշ» զարգացման կենտրոն» ՀԿ–ի՝ լուսանկարչության խմբակի 15–17 տարեկան սաների աշխատանքները։ Լուսանկարչության խմբակը գործում է Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության Գյումրիի տարածքային զարգացման ծրագրի օժանդակությամբ։

Ներկայացված լուսանկարների շարքերը կրում են հետեւյալ խորագրերը.

հայոց ազգի բանակ,

աշխարհը մեր աչքերով,

մեր եկեղեցիները եւ մեր եկեղեցական տոները,

միասին նշենք անկախության տոնը,

հարգանքի տուրք Եղեռնի զոհերի հիշատակին։

Ցուցահանդեսին ներկա կլինեն նաեւ լուսանկարների եւ սոցիալական գովազդի հեղինակները, ինչպես նաեւ՝ դպրոցականներ եւ տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Համայնքների ձայնը հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ծրագիրն իրականացվում է «Վորլդ Վիժն Հայաստան»–ի կողմից՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի եւ «Հայաստանի Հելսինկյան Կոմիտե» ՀԿ-ի հետ համատեղ: