Արարատի մարզի Ազատավան գյուղում հուլիսի 11-ին օրերս Սեւան լճում խեղդված 16-ամյա Նարեկ Ալեքսանյանի թաղումն էր: Ծնողները շատ ծանր են տարել ողբերգական միջադեպը, «Շտապօգնության» մեքենան մեկը մյուսի հետեւից ուշքի էր բերում սգացող հարազատներին:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` Նարեկն ընտանիքի կրտսեր զավակն էր, ուներ իրենից մեծ քույր, ով այս տարի է ավարտել դպրոցը: Ընկերներով նրանք գնացել էին Սեւան եւ Նարեկը որոշել էր լողանալ: Գյուղում պատմում են, որ երբ տղան մտել է ջուրը եւ լողանում էր, ափից մի քիչ հեռանալով` սկսեց սուզվել, թափարահեց ձեռքը, ընկերները հասան օգնության, բայց արդեն ուշ էր: Տղային Սեւան քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխել մահացած: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին  հիվանդանոցից` հավելելով, որ արդեն բիբերը լայնացել էր:

Նշանակված դատաբժշկական փորձաքննությունները ցույց կտան, թե երեխայի մահը ինչի հետեւանքով է վրա հասել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 10-ին, ժամը 14.15-ին տեղեկություն է ստացվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատը, Սեւանա լճում հերթապահություն իրականացնելիս, («Ծովինար» լողափի տարածք), նկատել է խեղդվող մարդ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ջրափրկարարները ջրից դուրս են բերել  Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ՝ 16-ամյա Ալեքսանյան Նարեկին, ցուցաբերել առաջին բուժօգնություն եւ տեղափոխել Սեւան քաղաքի բժշկական կենտրոն: