Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունը ԱԺ նախագահից այսօր` հուլիսի 12-ին, ժամը 17.55 րոպեին վերցրել է արտահերթ նիստ հրավիրելու ձեւաթուղթը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան` հայտնեց Աժ նախագահի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը:
Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի`ձեւաթուղթը վերցնելուց հետո 24 ժամվա ընթացքում ՀԱԿ-ը պետք է հավաքի 44 ստորագրություն, որպեսզի դիմի ԱԺ նախագահին` արտահերթ նստաշրջան հրավիրելու նպատակով: Դրանից անմիջապես հետո ԱԺ նախագահը պետք է ընթացք տա դիմումին:
Նշենք, որ ՀԱԿ խմբակցությունն ունի 7 անդամ, իսկ ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը»` 5-ական: Անհրաժեշտ քանակի ստորագրություններ հավաքելու համար հարկավոր է, որպեսզի 37 պատգամավոր ունեցող ԲՀԿ խմբակցությունը եւս միանա ստորագրահավաքին:
Ավելի վաղ NEWS.am- ը նշել էր, որ ՀԱԿ-ը հանդես է գալիս ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությամբ` «Հարսնաքարի» միջադեպի հարցով ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Հաշվի առնելով, որ 2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունները հասարակական մեծ հնչեղություն են ստացել` առաջացնելով հանրային դժգոհության մեծ ալիք եւ ինքնաբուխ զանգվածային ակցիաներ,
Նկատի ունենալով, որ ԱԺ կողմից արագ եւ համարժեք արձագանքը կնպաստի հասարակության մեջ լարվածության թուլացմանը, անպատժելիության մթնոլորտի վերացմանը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության եւ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների ապահովմանը,
Նկատի ունենալով, որ դեպքերի կապակցությամբ շոշափվում է ԱԺ պատգամավորի մասնակցության եւ պատասխանատվության հարցը,
Հաշվի առնելով, որ դեպքերի ոչ համարժեք եւ թերի քրեաիրավական գնահատականը կարող է բացասական ազդել Հայոց բանակի բարոյահոգեբանական վիճակի վրա,
Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ եւ «Ժառանգության» խմբակցությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած խորհրդակցությունները որոշում ենք այլ խմբակցությունների պատգամավորների հետ համատեղ հուլիսի 17-ին ժամը 12-ին հրավիրել ԱԺ արտահերթ նստաշրջան «2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին մահ պատճառելու հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու ԱԺ որոշում ընդունելու մասին» օրակարգով»:



























