Այսօր` հուլիսի 13-ին, ոստիկանները հայտնաբերել են մեկ տարի առաջ Արագածոտնի մարզում առանձնապես ծանր հանցագործություն գործած Լոռիի մարզի Վարդաբլուր գյուղի Սարոյան եղբայրներին, ովքեր նախորդ տարվա ապրիլի 1-ից գտնվում էին հետախուզման մեջ:  Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանի, 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ, նույն գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցների եւ Ոստիկանության Լոռիի մարզային վարչության աշխատակիցների հետ՝ Ոստիկանության Լոռիի  մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանի գլխավորությամբ, հայտնաբերել եւ վնասազերծել են 2011թ. Արագածոտնի մարզում աղմկահարույց հանցագործություն կատարած եղբայրներ, Լոռիի մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչներ 32-ամյա Դավիթ եւ 21-ամյա Գեւորգ Անանյաններին:

Եղբայրները  նախորդ տարվա  ապրիլի 26-ին զինված մտել էին Երեւան-Էջմիածին ավտոճանապարհին Վահե Միրզոյանին պատկանող բենզալցակայան, այնտեղից գողացել 500 լ դիզվառելիք եւ բենզին եւ փորձել աննկատ հեռանալ: Սակայն, բենզալցակայանի սեփականատերը նկատել էր տեղի ունեցածը եւ իր Mitsubishi Pajero IO մակնիշի ավտոմեքենայով եղբոր հետ հետապնդել էր  գողություն կատարողներին, ովքեր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով փախուստի էին դիմել:

Հետապնդման ժամանակ գողություն կատարող անձինք ճանապարհին` Պռոշյան գյուղի մոտ, կրակել էին իրենց հետապնդողների ուղղությամբ, ինչի  արդյունքում մահացել էր Mitsubishi Pajero IO-ի վարորդ Գարիկ Միրզոյանը, իսկ Վահե Միրզոյանը վիրավորվել էր:

Գողության պահին եղբայրները երեքով են եղել, որոնցից Ռուստամ Անանյանը  ձերբակալվել էր այդ ժամանակ եւ տեղափոխվել  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, իսկ մյուս երկու եղբայրները 2011թ-ից գտնվում էին հետախուզման մեջ:

Հարուցվել էր  ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ կետերով (սպանություն՝ զուգորդված մարդուն առեւանգելով կամ պատանդ վերցնելով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով), 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռքբերելը, իրացնելը, պահելը) հատկանիշներով: