ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հուլիսի 12-ին, տեղի է ունեցել քննարկում` նվիրված հետհակամարտության շրջանում խաղաղաշինության թեմային: ԱԽ-ն նշված թեմային անդրադառնում է տարեկան մեկ անգամ, որի ընթացքում քննության են ենթարկվում պատերազմներում ներքաշված երկրների ու հասարակությունների համար խաղաղաշինության ու վերականգնման գործընթացներն ու դրանց իրականացման մեխանիզմները` ներառյալ ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի աշխատանքները:
Նիստին մասնակցել եւ ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կազմակերպության գրեթե երեք տասնյակ անդամ-պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը:
Վկայակոչելով աշխարհի տարբեր մասերում միջազգային փորձը` ՀՀ դեսպանը, մասնավորապես, նշել է, որ տնտեսական բնագավառում համագործակցության ծրագրերը կարող են համարվել վստահության ամրապնդման կարեւոր միջոցառումներ անգամ այն պարագայում, երբ կողմերի միջեւ դեռեւս ընթանում են կարգավորման շուրջ բանակցությունները:
Դեսպան Նազարյանն իր խոսքում նաեւ նշել է, որ Հարավային Կովկասը կարիք ունի դոնոր երկրների ու միջազգային ֆինանսական հաստատությունների համակարգված տարածաշրջանային նախաձեռնությունների ու աջակցության ծրագրերի` հարատեւ խաղաղության, ինչպես նաեւ կայուն զարգացմանը միտված ջանքերը խրախուսելու համար:



























