Վանաձորում մի շարք հետիոտնային եւ ավտոմոբիլային կամուրջներ կան, որոնց մեծ մասը գտնվում է վթարային վիճակում: Հետիոտնային կամուրջների թիվը Վանաձորում 28-ն է, իսկ տրանսպորտային կամուրջներինը` 32-ը:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ գրեթե բոլոր կամուրջները վերանորոգման կարիք ունեն, իսկ մի մասը պետք է նորոգվի անհապաղ: Կամուրջների վթարային իրավիճակին նպաստում են նաեւ եղանակային անբարենպաստ պայմաններն ու գետերի վարարումները, որոնք լվանում են հենապատերն ու խարխլում կամուրջի հիմքը: Այս ամենին եթե գումարվի նաեւ կառուցման տարեթիվը, ապա դրանք իսկապես բարոյական ու ֆիզիկական մաշվածություն ունեն:
Անհապաղ նորոգման կարիք ունի 11-ն կամուրջ, դրանց թվում առաջին հերթին մեծ հնչեղություն ստացած Չուխաջյան փողոցի հետիոտնային կամուրջն է, որին NEWS.am-ը եւս անդրադարձել է: Աշխատանքներն արդեն սկսվել է, հաշված օրեր անց խնդիրը կլուծվի:
Տրանսպորտային կամուրջներից այս տարի նորոգվելու է Թումանյանի հրապարակը Հալաբյան փողոցին կապող կամուրջը, որի հիմքը ջրի առատ հոսքի հետեւանքով թուլացել է: Վերջինիս համար հատկացվել է 80 մլն դրամ: Իսկ Դարպաս գյուղի վթարային կամուրջների մասին բազմիցս է խոսվել, սա եւս այս տարի կնորոգվի` ավագանու որոշմամբ հատկացվել է 30 մլն դրամ:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի



























