Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` հուլիսի 17-ին, ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին եւ ԵԽ ու Բունդեստագի նախկին անդամ Հանս-Յուրգեն Զահորկային՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Մայքլ Քամբեքի ուղեկցությամբ:
Նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ վերընթաց զարգացում ապրող համագործակցության կապակցությամբ` այս համատեքստում ընդգծելով միջխորհրդարանական շփումների նշանակությունը` որպես երկկողմ փոխգործակցության կարեւոր ձեւաչափ:
Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել Էլենի Թեոխարուսի բազմամյա մարդասիրական գործունեությունը եւ հետեւողական վերաբերմունքը հայ ժողովրդի համար կարեւոր խնդիրների նկատմամբ:
Էդվարդ Նալբանդյանը ողջունել է եվրոպացի քաղաքական գործիչների
մասնակցությունը Արցախի նախագահական ընտրությունների դիտորդական
առաքելությանը՝ այն գնահատելով որպես իրականությանն առաջին ձեռքից
ծանոթանալու լավագույն հնարավորություն:
Հայաստանի արտգործնախարարը հյուրերին ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները:



























