«Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը 2013թ. նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուով հանդես գալու լավագույն տարբերակ տեսնում է իրեն: Այս մասին նա հայտարարել է այսօր` հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունները վերլուծելով` նա եզրակացրել է, որ բոլորից լավն ու համապատասխանն ինքն է: Հայրիկյանը նշել է, որ 1996թ. ինքը ոչ միայն հանեց իր թեկնածությունը, այլ կարողացավ բոլորին միավորել մեկ թեկնածուի շուրջ:
«Ես միանալու փորձ ունեմ, տեղը զիջելու փորձ, բայց միշտ ծրագրերի հետ են կապված եղել իմ որոշումները: Եթե իմ ծրագրերից ավելի լավը կներկայացնեն՝ կլինեն լավ հայ, հայ ժողովրդի ճակատագիրը լավ պատկերացնող մարդիկ՝ ես կխորհրդակցեմ: Միավորող կարող են լինել միայն ծրագրերը»,– ասել է նա:
Պարույր Հայրկյանի կարծիքով` ինքը համապատասխանում է թե Հայ ազգային կոնգրեսի, թե Հայ հեղափոխական դաշնակցության, թե «Ժառանգության» առաջ քաշած չափանիշներին:
«Հայրիկյանը խոսում է նախագահի պաշտոնի մասին միայն 2-3 տարվա համար, որ կառուցեմ երկու տարում ու դրանից հետո կհեռանամ: Երբ ես դառնամ նախագահ, այդ պաշտոնը վերացնելու եմ, ժողովուրդն էլ ընտրելու է վարչապետին»,- ասել է նա: Դրանից բացի` նախագահ դառնալուց հետո Պարույր Հայրիկյանը կառաջարկի միասնական ուղղագրություն ունենալ, լեզվի մասին օրենքում փոփոխությունը կուղարկի պառլամենտ: Նրա` նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին ԱԻՄ-ը որոշում չի կայացրել, դա իր անձնական որոշումն է:
Պարույր Հայրիկյանի կարծիքով` ով ասում է ընդդիմության միասնական ճակատ ստեղծենք, նա կամ միամիտ է, կամ խաբեբա, քանի որ դրության տերը մնալու է Սերժ Սարգսյանը, որովհետեւ խորհրդարանական ընտրություններին մեծամասնություն հենց ՀՀԿ-ն է կազմել: Իսկ թե ինչու իր ղեկավարած կուսակցությունը չէր մասնակցել մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններին, նա այսպես մեկնաբանեց. «Եթե մասնակցեի, ոնց էլ չլինի 5% կհավաքեի, բայց մանր-մունր հարցերով չեմ ուզում զբաղվել»,- ասաց նա:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























