Գարեգին Բ կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` Արցախի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Հայրապետական շնորհավորագրի մեջ մասնավորապես ասվում է.

«Մայր աթոռ սուրբ Էջմիածնից հայրապետական մեր օրհնությունն ենք բերում Ձեզ եւ շնորհավորում Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Արցախահայության սերն ու վստահությունը Դուք արդարորեն վաստակեցիք տարիների Ձեր նվիրյալ աշխատանքով` ի խնդիր Արցախի զորացման, նրա աստվածասեր ժողովրդի խաղաղ ու բարօր կեցության: Ձեր ղեկավարության ներքո իր նոր` ազատ ու անկախ կյանքը կերտող Արցախը ընթացավ զարգացման ուղիով, արձանագրվեցին մնայուն հաջողություններ տնտեսական կյանքում, Արցախի հերոսական բանակի զորացման, սահմանների ապահովության գործում, որոնք ամուր երաշխիք են առավել պայծառ  ու լուսավոր գալիքի:

Վստահ ենք, որ հայրենասեր ու ազգասեր նույն ոգով եւ պետական գործունեության մեջ հարուստ փորձառությամբ շարունակելու եք Ձեր գովարժան գործունեությունը` հանուն մեր ժողովրդի նոր հաղթանակների ու ձեռքբերումների կերտման, Արցախի միջազգային ճանաչման ու անշրջելի առաջընթացի:

Մեր աղոթքն է, որ Տերը զորակից լինի Ձեզ` Ձեր հայրենանվեր առաքելության մեջ, պարգեւի քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ` ի բարօրություն Արցախ աշխարհի եւ հավատավոր արցախահայության»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է պետության գործող նախագահ Բակո Սահակյանը: Նախնական տվյալներով` նա հավաքել է 47 հազ. 85 ձայն կամ ձայների  66,7%-ը: ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Միխայիլի  Բալասանյանը ստացել է 22 հազար 966 ձայն կամ  32,5 տոկոսը: Հայաստանի պետական ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Իվանի Սողոմոնյանը ստացել է 594 ձայն կամ ձայների 0,8 տոկոսը: