Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Արցախի ժողովուրդը եւս մեկ անգամ Ձեզ վստահեց իր ապագան, անվտանգության եւ կայունության ապահովումը, զարգացումն ու հզորացումը: Ձեր կյանքի ամբողջ ընթացքն անմնացորդ պայքար է հանուն Արցախի ազատագրման եւ անկախ պետականության հզորացման: Վստահ եմ, որ Դուք շարունակելու եք սկսածը հանուն Արցախի:
Մեկ անգամ եւս շնորհավորելով` մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ եւ Ձեր առջեւ դրված ծրագրերի եւ նպատակների իրականացում»,-ասված է ուղերձում:
Ըստ ԿԸՀ-ի արձանագրության, ԼՂՀ 99 227 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 72958-ը: Բակո Սահակյանի օգտին քվեարկել են 47 095, Վիտալի Բալասանյանի օգտին` 22967, Արկադի Սողոմոնյանի օգտին` 593 ընտրողներ: 2302 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Անճշտությունների չափը` 4:




























