Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ կաթողիկոսը, հուլիսի 22-ին, ընդունել է  Արգենտինայի Հայ բարեգործական ընդհանուր միության «Մարի Մանուկյան» վարժարանի ավարտական դասարանի սաներին, ինչպես նաեւ Կանադայի  հայոց թեմի  Տորոնտոյի ՀԲԸՄ սկաուտների խմբին եւ Սբ. Երրորդություն եկեղեցու «Ս. Սահակ - Ս. Մեսրոպ» շաբաթօրյա դպրոցի աշակերտներին:

Հանդիպման սկզբում հոգեւոր հայրերը նախ Գարեգին Բ-ին ներկայացրել են ուխտավորներին, ապա տեղեկացրել, որ երիտասարդներն ամեն տարի ուխտագնացության են գալիս Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` իրենց ուխտը վերանորոգելու եւ Կաթողիկոսի օրհնություններն ու պատգամները ստանալու համար:

Գարեգին Բ-ն վստահություն է հայտնել, որ երիտասարդները ոգեփոխության ու ոգեշնչման շրջան պիտի ապրեն Հայաստանում, քանի որ այս այցելություններն իրենց զորավոր կնիքը պիտի դնեն նրանց հոգիների վրա` հնարավորություն ընձեռելով հաղորդ դառնալ հայրենի երկրի հարուստ մշակույթին եւ սրբազան արժեքներին, անձնապես տեսնել, ապրել ու զգալ այն ամենը, ինչ սովորել են իրենց դպրոցներում:

Գարեգին Բ-ն իր խոսքում կարեւորել է Սփյուռքի եւ Հայաստանի երիտասարդների միջեւ ամուր կապն ու համագործակցությունը: Նա նշել է նաեւ, որ յուրաքանչյուր սփյուռքահայ երիտասարդ պետք է սերտորեն կապված լինի Հայաստանի հետ, քանի որ Հայրենիքն է համայն հայության գոյության եւ լինելության հիմքն ու երաշխիքը:

Նույն օրը երիտասարդները Մայր Տաճարում ներկա են գտնվել Պատարագի սրբազան արարողությանը, այցելել Մայր Աթոռի թանգարաններ: