Հայաստանի կրթության եւ գիտության նախարարություն է դիմել «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն Ժաքլին Կարասլանյանը` 2011-2012 ուսումնական տարվա ընթացքում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանացած մի շարք երիտասարդների` Նարեկ Միսակյանին, Ռադիկ Վերդյանին, Վահե Գալստյանին, Արմեն Վարդանյանին, Հայկ Սարիբեկյանին զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու խնդրանքով: Հարցը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության առաջարկով, ներառվել է ՀՀ կառավարության հուլիսի 26-ի նիստի օրակարգում:
Նշենք, որ «Լույս» հիմնադրամը սատարում եւ կրթաթոշակ է տրամադրում արտասահմանյան բուհերում սովորող լավագույն հայ ուսանողներին:
Նարեկ Միսակյանը ընդունվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Հասարակական եւ պատմական գիտությունների ֆակուլտետ (բակալավր), Ռադիկ Վերդյանը` Լոնդոնի համալսարանական քոլեջի /UCL/ մագիստրատուրա` «Մենեջմենթ» մասնագիտությամբ:
Վահե Գալստյանը ընդունվել է Կոլումբիայի համալսարանական քոլեջի ճարտարագիտության եւ կիրառական գիտության ֆակուլտետ` բակալավրի կրթական ծրագրով, իսկ Արմեն Վարդանյանը` Փենսիլվանիայի համալսարանի հումանիտար ու բնագիտական քոլեջ (բակալավր):
Հայկ Սարիբեկյանը ընդունվել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (բակալավր):




























