Հայաստանի ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության գնդի կազմում ձեւավորվել է ոստիկանության հատուկ (4-րդ) գումարտակ, որն էլ պարեկություն է իրականացնում Երեւանի փողոցներում: Դա, այսպես կոչված, ոստիկանության արտաքին ծառայությունն է, որն անմիջականորեն շփվում է քաղաքացիների եւ հյուրերի հետ, որոշ իմաստով` ձեւավորելով ոստիկանության իմիջն ու դեմքը:

Այդ գումարտակի ոստիկաններին առաջադրվել են խիստ պահանջներ: Ծառայողների ընտրությունը կատարվում է հաշվի առնելով ոչ միայն նրանց ֆիզիկական եւ բարոյահոգեբանական բնութագրերը, այլեւ առնվազն մեկ կամ երկու օտար լեզվի իմացությունը, առաջին բուժօգնություն ցուցաբերելու, բոլոր դեպքերում դաժան, կամայական եւ խտրական դրսեւոումները բացառելու, հասարակական կարգի պահպանման հարցերով լրատվամիջոցների հետ շփվելու, բանակցություններ վարելու կարողությունները:

Սակայն գումարտակի ոստիկանների աշխատավարձը բարձր չէ, ուստի ՀՀ ոստիկանությունն առաջարկել է ՀՀ կառավարությանը` նրանց աշխատավարձի 60% հավելավճար սահմանել:  Հարցը ներառվել է ՀՀ կառավարության հուլիսի 26-ի նիստի օրակարգում: Դրա հետեւանքով աշխատավարձերը կփոխվեն հետեւյալ կերպ:

Գումարտակի հրամանատարը  (ոստիկանության գնդապետ, ծառայության 20 տարվա ստաժով) այսօրվա 190 հազ. դրամի փոխարեն կստանա 305 հազ. դրամ:

Դասակի հրամանատարը (ոստիկանության կապիտան, ծառայության 15 տարվա ստաժով) այսօրվա 145 հազ. դրամի փոխարեն կստանա 232 հազ. դրամ:

Ավագ ոստիկանը (ոստիկանության ենթասպա, ծառայության 10 տարվա ստաժով)` 113.5 հազ. դրամի փոխարեն կստանա 181.5 հազ. դրամ: