Հայաստանի կառավարությունը բացասական եզրակացություն է պատրաստել պատգամավոր Սամվել Բալասանյանի (ԲՀԿ խմբակցություն) օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որով առաջարկվում է հանրապետությունում մտցնել «պատվավոր մայր» եւ «մայրական սխրանք» կոչումները:
Նշենք, որ պատգամավորն առաջարկում է 10 եւ ավելի երեխա ունենալու դեպքում կնոջը շնորհել «պատվավոր մայր» կոչում եւ հանձնել մեդալ: 8-9 երեխա ունեցողների համար առաջարկվում է սահմանել «մայրական սխրանք առաջին աստիճանի», 6-7 երեխաների դեպքում` «մայրական սխրանք երկրորդ աստիճանի», իսկ 4-5 երեխաների դեպքում` «մայրական սխրանք երրորդ աստիճանի» կոչումներ:
Այս կոչումները, ըստ պատգամավորի, հետագայում պետք է հիմք հանդիսանան նյութական եւ բարոյական աջակցության համար:
Սակայն կառավարության եզրակացության մեջ նման կոչումներ տրամադրելը համարվել է աննպատակահարմար: Նշվել է, որ ՀՀ կառավարությունն արդեն իրականացնում է մայրերին խրախուսելու միջոցառումներ: Մասնավորապես` ծննդօգնությունը դարձել է անվճար, առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում տրվում է 50 հազ. դրամ նպաստ, իսկ երրորդ եւ հաջորդ երեխայի համար` 430 հազ. դրամ: Կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է երրորդ երեխայի նպաստի չափը հասցնել 1 մլ դրամի, իսկ մինչեւ 10 տարեկան երեխաների բուժումն իրականացնել անվճար:




























