ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար Արամ Սաֆարյանը հանդիսանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի` քաղաքական խորհրդի անդամ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: «Նա կուսակցության մեջ չափազանց հարգված, ղեկավար կազմի հարգարժան ներկայացուցիչ է, ով մեծ ավանդ ունի եւ դեռեւս շատ մեծ անելիքներ»,- ասաց նա:
Տիգրան Ուրիխանյանը միաժամանակ շեշտեց, որ Արամ Սաֆարյանը փայլուն հարաբերություններ ունի բոլորի հետ: Ինչ վերաբերում է նրա` կուսակցության գրասենյակ չայցելելուն, ապա, մամուլի խոսնակի փոխանցմամբ, հաշվի առնելով ամառային շրջանը` բնականաբար, ինչպես մնացած բոլորը, նրա այցերը կուսակցության գրասենյակ մի փոքր նվազել են:
«Ընդամենը ամռան շրջանը հաշվի առնելով, բայց առհասարակ հաճախ եմ տեսնում նրան, քննարկումներ իրականացնում եւ այլն»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ Արամ Սաֆարյանն այժմ աշխատում է դոկտորական թեզի վրա, զբաղվում քաղաքական խորհրդի անդամի որոշ պարտականությունների իրացմամբ եւ այլն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին քարտուղար Արամ Սաֆարյանն ԱԺ պատգամավոր չդառնալուց հետո աննկատ կերպով սառեցրել է իր հարաբերությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: «Ու թեեւ նա պաշտոնապես չի հայտարարել այդ մասին, բայց, ըստ էության, փաստացի հեռացել է ԲՀԿ-ից ու նույնիսկ չի այցելում կուսակցության գրասենյակ»,- գրել էր «Ժողովուրդը»: Թերթի հետ ունեցած զրույցում Սաֆարյանը ոչ հաստատեց այդ տեղեկությունը, ոչ էլ հերքեց. «Ես հարցազրույց չեմ տալիս մինչեւ սեպտեմբեր: Եւ որեւէ հարցի պատասխանելու մտադրություն չունեմ: Ամառային արձակուրդ է, ես հանգստանում եմ»:




























