Սեռակրթությունը պետք է ներմուծվի բոլոր դպրոցներում ու բուհերում, որպեսզի մեր դեռահասներն ու երիտասարդները պատասխաններ ստանան մասնագետներից: Այս մասին այսօր` հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսում նշեց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

«Պետք է որոշակի սերնդից սկսենք: Եթե ավագ սերունդը կաշկանդվում է, ապա այսօր երիտասարդներն ազատ են եւ նրանց պետք է ուղղություն տալ ճիշտ սեռադաստիարակել իրենց երեխաներին: Եթե ծնողը լռի, նրան կդաստիարակի փողոցը»,- ասաց Վ. Շահրամանյանը::

Նրա խոսքով` սեռակրթությունը մարդու ընդհանուր դաստիարակության անբաժանելի մասն է եւ մշտապես հարց է հնչում, թե ո՞ր տարիքից պետք է մարդուն տրվի այդ դաստիարակությունը: «Մարդկանց միշտ հետաքրքրում է, թե իրենք ինչպե՞ս են լույս աշխարհ եկել: Բայց հազվադեպ ենք լսում, որ ծնողը կարողանում է ճիշտ բացատրություն տալ: Սկսում են արագիլների, կաղամբների ու «մեշոկ պապիների» պատմությունները, որոնք գնալով կատարելագործվում են: Արդյունքում՝ ունենում ենք այն վակումը, որը կա այսօր»,-ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոսը`  մանկապատանեկան հոգեբույժ Արթուր Պողոսյանը նշեց, որ այս խնդիրը իրականում միայն Հայաստանում չէ, այլ առկա է ամբողջ աշխարհում:

«Քանի որ ծնողներն իրենց երեխաների տարիքում եւս իրենց հարցերի համարժեք պատասխանները չեն ստացել, այդ պատճառով իրենք եւս չեն կարողանում պատասխանել իրենց երեխաներին»,-ասաց հոգեբույժը: Նա խորհուրդ տվեց ծնողներին հնարավորինս անկեղծ լինել իրենց երեխաների հետ եւ նրանց հետ զրուցելիս ընտրել տարիքին համապատասխան բառեր:«Հաճախ ծնողներն իրենց չիմացությունը ծածկում են հեքիաթներով, բայց դրա կարիքը չկա: Եթե ինչ-որ բան չգիտեք, երեխային ասեք՝ այս պահին չգիտեմ, կմտածեմ, կասեմ»,-ասաց նա: