Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է աշխատանքային այցով տիկնոջ հետ Երեւանում գտնվող Մարսելի հայ փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի հետ:

Ողջունելով հյուրին քաղաքապետը մեկ անգամ եւս շնորհակալություն է հայտնել հունիսին Մարսել կատարած իր պաշտոնական այցը հավուր պատշաճի կազմակերպելու եւ ջերմ ընդունելության համար` հույս հայտնելով, որ համագործակցության ընդլայնման բոլոր այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Մարսելի քաղաքային իշխանությունների հետ, կյանքի կկոչվեն հնարավորին կարճ ժամկետներում:

«Կարծում եմ Ձեր այս այցի ընթացքում ինքներդ կհամոզվեք, որ մեր համագործակցության ընդլայնման առումով այսօր Երեւանում բավականին լայն դաշտ կա, ինչը կփոխանցեք նաեւ Մարսելի մեր գործընկերներին: Ես իսկապես բարձր եմ գնահատում մեր երկու քաղաքների 20-ամյա համագործակցությունն ու բարեկամությունը եւ վստահ եմ, որ առաջիկա տարիներին այն էլ ավելի կզարգանա ու կխորանա:» - նշել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցելով Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի ջերմ ողջույնները, Դիդյե Փարաքյանն իր հերթին նկատել է, որ այս անգամ իսկապես բավականին կերպարանափոխված է տեսել Երեւանն ու հաճելիորեն զարմացած է կարճ ժամանակում նման փոփոխությունների առատությունից: Փոխքաղաքապետը խոստովանել է, որ հատկապես հիացած է մայրաքաղաքի կանաչապատման, ծաղկապատման եւ գիշերային Երեւանի արտաքին գեղարվեստական լուսավորության ուղղությամբ տարված աշխատանքներով:

«Շրջելով գիշերային Երեւանով, վերհիշեցի Ձեզ հետ Մարսելում ունեցած մեր գիշերային շրջայցը, որի ընթացքում Դուք նշեցիք, որ Երեւանում եւս որոշակի աշխատանքներ են տարվել մայրաքաղաքի շենքերի եւ շինությունների լուսավորման ուղղությամբ, բայց համեստորեն լռեցիք, չասելով, որ երեւանյան լուսավորությունն իրականում գերազանցում է մարսելյան լուսավորությանը: Ես իսկապես հիացած եմ ու կարծում եմ, որ այս մասով եւս մենք փորձի փոխանակման ու համագործակցության ընդլայնման մեծ դաշտ ունենք:» - նշել է Դիդյե Փարաքյանը եւ ընդգծել, որ Մարսելում ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները ժամանակի ընթացքում կյանքի կկոչվեն: Միաժամանակ Մարսելի փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ արդեն պլանավորվել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի պաշտոնական այցը Երեւան, որը տեղի կունենա 2013 թվականին:

Անդրադառնալով Երեւանի եւ Մարսելի համագործակցության ուղղություններին ու համատեղ իրականացվող ծրագրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս նշել է, որ ցանկալի է վերանայել երկու քաղաքների միջեւ ստորագրված համագործակցության համաձայնագիրը` այն համապատասխանեցնելով երկուստեք առկա ներուժին  եւ զարգացման հեռանկարներին: Այս համատեքստում դեռ Մարսելում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն այժմ ստեղծված են աշխատանքային խմբեր, որոնք համակողմանիորեն ուսումնասիրում են  համագործակցության բոլոր առաջարկները եւ, ըստ այդմ, քաղաքապետը հույս է հայտնել, որ Մարսելի իր գործընկերոջ սպասվող պաշտոնական այցի շրջանակում կստորագրվի նաեւ համագործակցության նոր համաձայնագիրը:

Օգտվելով առիթից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերահաստատել է 2013-ին Մարսելը որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ տոնական միջոցառումներին Երեւանի մշակութային պատվիրակության մասնակցությունը, ինչին ի պատասխան Դիդյե Փարաքյանն իր հերթին վստահեցրել է, որ երեւանյան պատվիրակությունը լիարժեք կներգրավվի նախատեսված մշակութային միջոցառումներում:

Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ վերահաստատել է հոկտեմբերին կայանալիք «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանը մասնակցելու Մարսելի քաղաքային իշխանությանն արված իր հրավերը: