Նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն, այսօր` հուլիսի 30-ին, ՀՀ Ոստիկանության շենքի առաջ կրկին հացադուլ է հայտարարել: Այս անգամ նա ոստիկանության շենքի մոտ է եկել երկու դստրերի հետ`12-ամյա Գայանեի եւ 10-ամյա Կարինեի հետ։ Նա պահանջում է վճարել իր աշխատավարձի հավելավճարը՝ 2.5 մլն դրամ, իրեն ապահովել աշխատանքով, նաեւ հոգալ իր 10 տարեկան աղջկա բուժման ծախսերը։ Նրան նայսօր ընդունել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օգնական Մերուժան Հակոբյանը, ով նախկին ոստիկանի խոսքով, ասել է, թե հիմքեր չկան այդ գումարը տալու:
Հիշեցնենք, որ վերջինս hունիսի 7-ին նախագահի նստավայրի առաջ ինքնահրկիզման փորձ էր կատարել:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Մխիթար Ալումյանը, իր բողոքն այն է, որ 5 անչափահաս երեխաներ ունի, որոնք առողջական խնդիրներ ունեն, նախագահականում եւ Ոստիկանությունում խոստացել էին լուծել իր հավելավճարների եւ աշխատավարձի հարցը եւ դստեր բուժօգնության հարցը, բայց բազմաթիվ դիմումներից հետո միայն լուծվել էր հաշմանդամ երեխաների բուժօգնության հարցը:
«Մինչ օրս չեմ կարողանում հետ ստանալ ոստիկանությունում արտաժամյա աշխատած 2,5 մլն դրամը, բայց 1,9 մլն-ն արդեն ստացել եմ: Նախագահականը նամակներս վերահասցեագրում է ոստիկանություն: Ոստիկանությունն էլ ասում է, թե մատյաններն ամեն տարի վերանում են եւ իրենք ապացույց չունեն, որ ես ծառայել եմ: Բայց ես պատճեներն էլ ունեմ»,- դժգոհել էր նախկին ոստիկանը:



























