Հայաստանում թե պարի, թե սպորտի մասնագետները դեմ են փոլ-դանսը` օլիմպիական մարզաձեւ դարձնելուն, իսկ հիմնավորումները տարբեր են: «Կաստանիետ» սպորտային պարերի ստուդիայի ղեկավար, Սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանը դեմ է փոլ-դանսը` օլիմպիական մարզաձեւ դարձնելուն: Նա չի ընդունում սթրիփթիզը, կարծում է, որ այն բարոյականության սահմաններից դուրս է եւ մշակույթ չի կարող լինել: «Որպես սպորտ` այն ինչ-որ ձեւ ընկալելի է, ֆիզիկական շատ բաներ կան, բայց որպես մշակույթ, դաստիարակչական բան կրող, միանշանակ` ոչ: Ես դեմ եմ, որ դա դառնա օլիմպիական մարզաձեւ, պրոպագանդվի, մեծ տարածում ունենա»,- նշեց նա:
«Երեւան» պարային ստուդիայի տնօրեն Արթուր Զաքարյանը եւս դեմ արտահայտվեց փոլ-դանսը` օլիմպիական մարզաձեւ դարձնելուն` նշելով, որ արդեն ծիծաղելի է, երբ անցկացնում են փոլ-դանսի աշխարհի առաջնություն: «Կարող են ասել, որ 21-րդ դար է, գնում ենք առաջ եւ այլն, այդպես կարող է պոռնոգրաֆիան որպես առարկա դպրոց մտցնեն, որ մարդիկ իմանան, թե ինչի մասին է խոսքը, անունն էլ դնեն կին-տղամարդ հարաբերություններ»,- ասաց նա: Նրա խոսքով` սպորտային պարերը, որ համարվում են թագավորական պարաձեւ եւ սպորտ, 25 տարի է` հերթի մեջ են, որպեսզի դառնան օլիմպիական մարզաձեւ:
«Շախմատի նման սպորտը օլիմպիական չէ, բայց ասենք փոլ-դանսը դարձնեն օլիմպիական մարզաձեւ, ես չեմ հասկանում` ո՞ր կողմից ենք զարգանում»,- նշեց Արթուր Զաքարյանը` հավելելով, որ լիքը արժանի սպորտաձեւեր կան, որոնք արժանի են օլիմպիական սպորտաձեւ դառնալուն:
Նրա խոսքով` նախ պետք է հասկանանք, թե ինչ է սթրիփթիզը, որովհետեւ մի մասն ասում է արվեստ է, մյուս մասը` սպորտաձեւ: «Ինձ համար իմպոտե,տների համար ինչ-որ ձեւ է, որ այդպիսի տղամարդիկ, ովքեր կյանքի հաճույքներից զրկված են, ինչ-որ մի ձեւ հոգան իրենց կարիքները, ես դրան նայում եմ մատների արանքով»,- նշեց պարային ստուդիայի տնօրենը շեշտելով, որ օլիմպիադան այլ նշանակություն ունի, դրա ժամանակ պատերազմներն են դադարեցնում, իսկ այս դեպքում այլասերվածությունը բերում են պրոպագանդելու:
Գեղարվեստական մարմնամարզության մարզիչ Գայանե Ներսիսյանն էլ է դեմ փոլ-դանսը` օլիմպիական մարզաձեւ դարձնելուն, քանի որ այն սպորտի հետ որեւէ առնչություն չունի: Նա առաջին անգամ էր լսում այդ մասին: «Դա պար է ավելի շատ, ոչ թե սպորտաձեւ, համարում եմ, որ սպորտը պետք է օգուտ բերի, ոչ թե…զարմացած եմ ու ապշած եմ, մտածելու առիթ կունենամ, որ իմանամ ինչ ասեմ այդ մասին»,- ասաց մարզիչը:
Ավելի վաղ NEWS.am-ը անդրադարձել էր սթրիփթիզին` մասնավորապես ներկայացնելով` այն սպորտաձեւ է, թե պարի տեսակ:
Նշենք, որ մերկապարը հավակնում է դառնալ օլիմպիական մարզաձեւ: Դրա համար այն պետք է ընդունվի Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից, համապատասխանի օլիմպիական խարտիայի բոլոր պահանջներին եւ ապացուցի, որ մերկապարով իրոք հետաքրքրվում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհից: Հիմա մերկապարը՝ որպես մարզաձեւ, գրանցված է միայն Բրազիլիայում եւ Ղրղըզստանում: Կարեւոր դեր կարող է խաղալ մերկապարուհիների հիանալի մարզավիճակն ու կազմվածքը: Նրանք գրեթե չեն տարբերվում պրոֆեսիոնալ մարզուհիներից:



























