Հոգեկան հիվանդությամբ տառապող հաշվառված հիվանդների թիվը Հայաստանում ավելանում է եւ այսօր արդեն հասնում է 45 հազարի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գլխավոր հոգեբույժ  Սամվել Թորոսյանը:  Սակայն նրա խոսքով,  հաշվառման աճը դեռ չի խոսում հիվանդության աճի մասին, այլ ըստ նրա հիվանդների հարազատները պարզապես ավելի գիտակից են դարձել:

«Ավելին` պետության կողմից  նոր անվճար դեղամիջոցներ են ստանում, հետեւաբար գալիս եւ հաշվառվում են: Չնայած միանշանակ կարող եմ ասել, որ հիվանդությունների թիվը եւս աճել է»,- ավելացրեց գլխավոր հոգեբուժը:  Հարցին, թե հոգեկան հիվանդությունը ի ծնե է փոխանցվում, թե հիմնականում ձեռքբերովի է, նա արձագանքեց. «Ի ծնե ունենք միայն մտավոր թերզարգացածներին, մտավոր հետամնացներին, որոնց թիվ եւս թեթեւակի աճել է: Իսկ մնացած հիվանդությունները տարիքի ընթացքում են առաջանում»:

Ինչը կարող է պարարտ հող ստեղծել հոգեկան հիվանդությունների համար, հարցին Թորոսյանը նշեց, որ մեծ է կենսաբանական գործոնը, սակայն  արտաքին ազդակները եւ սոցիալական վիճակը միանշանակ եւս  մեծ դեր են խաղում: Վերջինս, արձագանքելով հայ ընտանիքներում կարծրացած այն մտածելակերպին, թե ինչ կմտածեն իրենց մասին, եթե հիվանդ հարազատին տանեն հոգեբուժարան, ասաց. «Մեր մենթալիտետը այնպիսին է, որ երբ դանակը հասնում է ոսկորին, նոր հիվանդին բերում են հոգեբուժների մոտ: Սկզբում տանում են տարբեր  մասնագետների մոտ` բախտ բացողի, մոմ թափողի մոտ: Վերջում, երբ արդեն իրենք են ագրեսիայի զոհը դառնում, նոր բերում են հոգեբույժի մոտ»:

Ըստ գլխավոր հոգեբույժի, բազմակի են դեպքերը, երբ դանակը հասել է ոսկորին, նոր հիվանդին տեղափոխել են համապատասխան հաստատություն: «Բազմակի նման դեպքեր կան: Եղել է դեպք, երբ  հիվանդները ծնողին են սպանել, ինքնավնասում, ինքնասպանություն են արել, նոր տեղափոխել են հոգեբուժարան: Ցավոք եղել են դեպքեր, երբ հիվանդը պահպանողական բուժում պետք է ստանար, հարազատները, մտերիմները  հետեւողական չեն լինում եւ չի ստանում բուժումը, ինչը բերել է հիվանդության սրացման: Իսկ հիվանդության սրացումը իր հերթին վտանգ է ներկայացնում, թե իրենց, թե շրջապատի համար»,- մանրամասնեց Սամվել Թորոսյանը:

Ի դեպ, նրանից տեղեկացանք, որ բարեբախտաբար սիո հողի վրա հոգեկան շեղումների դեպքեր չեն ունեցել: Բայցեւայնպես, հոգեբույժի փոխանցմամբ  հաճախ են դեպքերը, երբ  հիվանդին հաստատություն բերելուց կարճ ժամանակ անց գոհացուցիչ արդյունքների են հասնում: « Մենք ունենք արտահիվանդանոցային բաժանմունքներ , որտեղ առաջին 10 օրվա ընթացքում հիվանդներին այդ վիճակից հանում ենք: Ավելին` շատերի մոտ հիվանդությունը այլեւս չի կրկնվում»,- նշեց Սամվել Թորոսյանը: Ինչպես նաեւ նշեց, թե աշխարհում, ոչ ոք չի կարող ասել, թե հաշվառված հիվանդների քանի տոկոսն է բուժվում, քանի որ հոգեբուժական ծառայությունում կան տարբեր հիվանդություններ, որոնք կրկնվում են կան հիվանդություններ,  որոնք կարող են չկրկնվել: «Մենք ունենք նույնիսկ ծանր փսիխոզներ, որոնք կոչվում են շուբայաձեւ: Դա «շուբա»-ի ձեւ է, կարող ես մեկ անգամ հագնել, հանես եւ կյանքի ընթացքում էլ  չի չկրկնվի: Մենք ունենք նաեւ ծերունական թուլամտություն`դա ծերերի հիվանդություն է, որով տառապել է նաեւ ԱՄՆ-ի նախագահ Ռեյգանը: Դա տարիքային հիվանդություն է, որը բերում է  հիշողության եւ ճանաչողական ֆունկցիաների կորուստի»,- ընդգծեց գլխավոր հոգեբույժը: Ի դեպ, հաշվառված հիվանդների  2/3 տղամարդիկ են, իսկ 1/3-կանայք: Հիվանդությունը եւս տղամարդկանց մոտ ավելի շուտ է արտահայտվում, քան կանանց: Կանանց մոտ այն արտահայտվում է` 20-25 տարիքում:

Նյարդային պոռթկումներով լեցուն կենցաղում հոգեկան հիվանդություններից խուսափելու համար  գլխավոր հոգեբույժը խորհուրդ տվեց մի քիչ բարի, բարյացակամ, հանդուրժող լինել մեկը մյուսի նկատմամբ` մտածելով հանդերձ, որ դիմացինը իրենց հարազատն է:« Այդ դեպքում մեզ մոտ քիչ կլինեն պոռթկումներ, որոնք պայմանավորված են` արտաքին ազդակներով եւ զերծ կմնանք հոգեկան հիվանդություններով»,- ավելացրեց գլխավոր հոգեբույժը: