Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել երկաթուղայինի օրվա կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի երկաթուղայիններ,
Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ երկաթուղայինի օրվա կապակցությամբ:
Ձեզնից յուրաքանչյուրն իր ավանդն ունի պետության համար կարեւորագույն այս ոլորտի բնականոն աշխատանքի եւ զարգացման գործում: Երկաթուղին, համարվելով երկրի ենթակառուցվածքային զարգացման կարեւորագույն բաղադրիչներից մեկը, մշտապես գտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում:
Ներկայում մեր հիմնական խնդիրը երկաթուղային համակարգի հետագա արդիականացումն ու երկաթուղային տրանսպորտի մատուցած ծառայությունների որակի բարձրացումն է, եւ այդ ուղղությամբ շարունակական աշխատանքներ են իրականացվում:
Համոզված եմ, որ հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարիչ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը կառավարության աջակցությամբ կկարողանա իրականացնել ստանձնած պարտավորությունները եւ կդառնա մրցունակ տրանսպորտային միջոց:
Հարգելի երկաթուղայիններ, եւս մեկ անգամ շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ` մաղթում եմ հաջողություններ, նորանոր ձեռքբերումներ եւ քաջ առողջություն»:




























