Նոր Նորքի 1-ին զանգվածում գտնվող Նանսենի այգում ընթացող շինարարության վերաբերյալ բնակչության հետ քննարկումներ կազմակերպելու նպատակով նույն վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանն այսօր՝ օգոստոսի 7-ին հանդիպել է Նանսենի փողոցի բնակիչներին: Նշենք, որ այս կանաչ գոտում շինարարական աշխատանքներ են ընթանում, ըստ քաղաքապետարանի հավաստիացումների, այստեղ կառուցվում է Նանսենի անվան թանգարան: Բնակիչներն ու բնապահպանները տեւական ժամանակ է ահազանգում են կանաչ գոտում վեր խոյացող շինության մասին: Նրանք անօրինական են համարում կառուցապատումը, քանի որ այդ մասին չի իրազեկվել բնակչությանը, չի կազմակերպվել հանրային քննարկումներ: Արմեն Ուլիխանյանը NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ թանգարանին կից պատրաստվում են կառուցել նաեւ Նանսենի անվան սրբատեղի-մատուռ: Որքան էլ բնակիչները պահանջեցին բացատրել մատուռ կառուցելու նպատակահարմարությունը, այդպես էլ բացատրություններ չեղան, փոխարենը թաղապետարանի աշխատակիցները բնակիչներին վրդովված ներկայացնում էին, թե «ով է եղել Ֆրիտյուֆ Նանսենը հայության կյանքում»:

Բնակիչներից մեկը պատմական փաստեր ներկայացնող չինովնիկին ընդհատեց՝ հիշեցնելով, որ քաղաքային իշխանությունը պետք է ուշադրությունը սեւեռի ջեռուցումից զրկված դպրոցների, վթարային վերելակների եւ համայնքային մի շարք հիմնախնդիրների վրա:

«Մենք եկել ենք ժողովրդի կարծիքը լսենք կառուցվող եկեղեցու մասին»,- ասել է Նոր Նորք շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Դիտարկմանը, թե իսկ թանգարանի կառուցման ժամանակ ինչու նման հանդիպում չեղավ բնակչության հետ, Ուլիխանյանը պատասխանեց. «Ինչո՞ւ չի եղել, եղել է, մենք բազմիցս լսել ենք ժողովրդի դրական կարծիքները: Գիտեք ինչ, դուք արհեստականորեն ենթատեքստ եք փնտրում, ինչի մասին է խոսքը, լավ բան են անում»:

Նշենք, որ 2011թ.–ին նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ֆ. Նանսենի հիմնադրամի նախագահ, Ֆ. Բախչինյանի 23. 11. 2011թ. հայտի հիման վրա Երեւանի քաղաքապետարանում քննարկվել է Նոր Նորքի 1-ին զանգվածի Նանսենի անվան զբոսայգում առանձնացված տարածքում Նանսենի անվան թանգարան հիմնելու հարցը: Ընդունվել է ի գիտություն, որ թանգարանի շինարարության ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ վաստակավոր բժիշկներ տեր եւ տիկին Եսայանների հովանավորությամբ: