Երեւանի ավագանու ՀԱԿ խմբակցություն ստորագրությամբ հայտարարությունն ինչ-որ մեկի ինքնագործունեության արդյունք է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը` հերքելով լրատվամիջոցներում շրջանառվող հայտարարության իսկությունը: «Մենք չենք վերցրել մանդատները, եւ որեւէ մեկը մեր անունից հայտարարություններ անելու իրավունք չունի»,- նշեց Արման Մուսինյանը:
Նշենք, որ այսօր` օգոստոսի 7-ին «Երեւանի Ավագանու ՀԱԿ խմբակցության» անունից հայտարարություն էր տարածվել «Ավագանու ապօրինի, այս անգամ՝ արտահերթ, նիստի մասին» վերտառությամբ:
«ՀՀԿ-ական քաղաքապետը շարունակում է ոտնահարել ՀՀ օրենսդրության պահանջները եւ շարունակում է Ավագանու նիստեր անցկացնել առանց ՀԱԿ խմբակցության մասնակցության:
Հիշեցնում ենք, որ քաղաքապետի գրագիտությունը թույլ չի տալիս հասկանալ, որ «ՀԱԿ»-ը նույնպես խմբակցություն է, չնայած ակնհայտ է նաեւ, որ ՀՀԿ-ին շահավետ է ԲՀԿ-ական իբր ընդդիմադիր, միակ խմբակցության առկայությունը:
Ինչեւէ, հարկ է մեկ անգամ եւս արձանագրել , որ միայն սահմանադրական այս խախտման հետեւանքով, Երեւանու Ավագանու գործունեությունն իր առաջին օրվանից ապօրինի է:
Ի դեպ, նշենք նաեւ, որ օգոստոսի 10-ին անցկացվելիք արտահերթ նիստի շրջանակներում, ի հակասություն Ավագանու Կանոնակարգի, քաղաքապետը նոր ավանդույթներ մտցրեց Ավագանու կյանքում, այն են՝
1. չկա արտահերթ նիստի նախաձեռնող,
2. տեղեկատվություն չկա գլխադասային հանձնաժողովների մասին:
Սակայն, զավեշտալին անգամ դա չէ, այլ՝ նիստի օրակարգը: Իսկ տպավորությունն այն է, որ վերջինիս նպատակն է՝ համայնքի տարածքների նվիրատվություն «բարձր հեղինակության» մարդկանց եւ կազմակերպություններին /Հ.Գ./...գուցե դա է անհրաժեշտ ՀՀԿ-ԲՀԿական առաջիկա հզոր բեմականացմանը՝ ՀՀ Նախագահի ընտրությանը, այլ ոչ թե՝ Երեւանի աղաղակող խնդիրների լուծումը:
Այդ կապակցությամբ, մեկ անգամ եւս հայտարարում ենք՝ Երեւանի Ավագանու քաղաքապետական գործունեությունը հիմնովին ոչնչացրել է մեր երկրում ՏԻՄ կայացման հիմքերը, որի վառ ապացույցն են վերջերս իրականցվող ՏԻՄ իբր ընտրությունները»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ ՀԱԿ-ը շարունակում է բոյկոտել ավագանու նիստերը, իսկ համամասնական ընտրացուցակից միայն իրավապաշտպան Ռուբեն Թորոսյանն է, որ ցանկություն է հայտնել վերցնել մանդատն ու մասնակցել Ավագանու նիստերին, նաեւ հայտարարություններ է տարածել, թե իր մասնակցությունը խոչընդոտվում է: Ռուբեն Թորոսյանի հետ կապվել չհաջողվեց, նրա հեռախոսն անհասանելի էր:




























