Վանաձորում վերջին շրջանում սնկային թունավորումների դեպքերի աճի հետ կապված քաղաքապետարանի առեւտրի բաժնի կողմից արգելվել է փողոցներում սնկի վաճառքը: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի առեւտրի եւ տրանսպորտը համակարգող բաժնի պետ Ազատ Իսպիրյանն ասաց, որ իրենք ամենօրյա հսկողություն են իրականացնում քաղաքում, ու արգելում դրսում դրված սնկի վաճառքը: «Վերջերս, մեկ շաբաթում մի շարք թունավորումներ եղան, չնայած թունավորումներից միայն մի դեպքում էր, որ սունկը գնվել էր շուկայից, սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում…»,- ասաց նա, հավելելով, որ չնայած բացօթյա առեւտուրը իրենք միշտ են հսկողության տակ պահել, սակայն նման կտրուկ քայլը պայմանավորված է նաեւ չորային եղանակով, ինչն ըստ  բաժնի պետի, ազդում է նաեւ սնկի որակի վրա, ինչն էլ դառնում է վտանգավոր:

Ազատ Իսպիրյանը օգտվելով առիթից բնակչությանը եւս մեկ անգամ կոչ արեց չօգտվել արեւի ու անձրեւի տակ վաճառվող սննդից, իսկ սնկի հետ կապված  հանդիպելիս անմիջապես հազանգել քաղաքապետարան: