Սիրիայի հայ համայնքի ապաքաղաքական լինելը չի խանգարել նրան համախաբվել Հալեպի համար վտանգի պահին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱՄՆ Ուեսլի համալսարանի պրոֆեսոր , «Սփյուռք. անդրազգային կապերի ամսագրի» խմբագիր Խաչիկ Թոլոլյանը: Սիրիահայ համայնքը լիաբանանահայ համայնքից տարբերվում է նրանով, որ Սիրիայում քաղաքական կյանքին մասնակցությունն ավելի դժվարացել էր իշխանությունների քաղաքականության պատճառով:
Իսկ որքանո՞վ կշահի սիրիահայ համայնքը, եթե փորձի միանգամից երկու ճամբարներում քաղաքական պայքարի մեջ ներգրավվել, ինչպես դա տեղի է ունենում Լիբանանում: Այդպիսով, հայկական շահերը ներկայացված կլինեն անգամ այն դեպքում, եթե կառավարությունը փոփոխվի:
Սակայն սիրիահայ համայքնի համար, ըստ Թոլոլյանի, նման հնարավորությունը հազիվ թե իրատեսական լինի, քանի որ նրա քաղաքական ակտիվությունը սահմանափակված է: Լիբանանում երեք պատգամավորական տեղ է պահպանվում հայերի համար: Հայկական կուսկացությունները կարողացել են համագործակցել արաբական կուսակցությունների հետ` նաեւ դրանով քաղաքական փորձ ձեռք բերելով: «Վերջապես, Լիբանանում քաղաքացիական պատերազմի ժամանակ հայ համայքնի ներկայացուցիչներն ստիպված էին բանակցությունների շուրջ նստել, զինվել, զինված ջոկատներ կազմավորել: Հայ համայնքը բացահայտ ինքնակազմակերպվում էր եւ մասնակցում Լիբանանի քաղաքական եւ ռազմական կյանքին»:
Սիրիայում, ընդհակառակը, քաղաքական համակարգը չի ողջունել հայ համայնքի քաղաքական ակտիվությունը: Ի տարբերություն Լիբանանի իրենց հայրենակիցների, նրանք քաղաքական փորձ չեն կարողացել ձեռք բերել: «Բացի այդ, 1962 թ. Սիրիայի կառավարությունը ջերմ հարաբերություններ էր ստեղծել ԽՍՀՄ-ի հետ, որից հետո ՀՅԴ ղեկավարների նկատմամբ հետապնդումենր էին սկսվել, արդյունքում նրանց մի մասը հեռացավ Լիբանան: Սիրիահայ համայնքի ներկայացուցիչները նաեւ խորհրդային կրթաթոշակներով ուսանում էին երեւանյան բուհերում: Արդյունքում, թեեւ ՀՅԴ-ի ազդեցությունը ուժեղ էր, սակայն համայնքը որոշակիորեն հավասարակշռված էր»,-նշեց Թոլոլյանը:
Միաժամանակ քաղաքական կյանքին մասնակցելու խոչընդոտները չեն խանգարել համայնքի տնտեսական-մշակութային ակտիվությանը: Համայնքի ֆինանսական վերնախավը կարողացել է կապեր հաստատել կառավարող «Բաաս» կուսակցության եւ Ասադների հետ: «Նման քաղաքականության դրական արդյունքները մենք տեսնում ենք այսօր. երբ Հալեպում վտանգն ուժեղացավ, համայնքը համախմբվեց»:
«Այդուհանդերձ, քաղաքական ոչ բավարար փորձը հայ համայնքին թույլ չի տալիս միանգամից հանդես գալ քաղաքական ասպարեզում` լինի որպես Ասադի կողմակից, թե հակառակորդ»,-եզրափակեց Թոլոլյանը:




























