Ըստ շրջող լուրերի, «ԱրմենՏել» ընկերության սեփականատեր ռուսական «Վիմպելկոմ» ընկերությունը ցանկանում է այս աշնանը վաճառել ֆիքսված լարային հեռախոսակապն՝ իր տնօրինման տակ պահելով միայն բջջային կապը։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Ավելին, «ԱրմենՏել»–ում» պտտվող լուրերի համաձայն, ռուսական ընկերությունը ներկայումս փորձում է գնորդ գտնել եւ իր մտադրության մասին պաշտոնապես կհայտարարի միայն այն ժամանակ, եթե որեւէ ընկերության հետաքրքրի հնարավոր գործարքով։ 2006-ին «Վիմպելկոմը» հայկական ընկերության ողջ բաժնեմասի համար հունական OTE ընկերությանը վճարել է 382 միլիոն եվրո։ Սակայն, այդ գումարը ներառում էր ողջ ընկերությունը, իսկ թե միայն ֆիքսված կապի համար ռուսական «Վիմպելկոմը» որքան գումար է ցանկանում ստանալ, դեռեւս հայտնի չէ։ Մեզ  չհաջողվեց այս լուրի վերաբերյալ «ԱրմենՏել»–ից պաշտոնական պարզաբանում ստանալ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: