«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում 2012 թ. երկրորդ եռամսյակում իրականացվել են 1.1 մլրդ դրամի գործարքներ (արժեթղթեր եւ ռեպո համաձայնագրեր): Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը` հիմնվելով ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության վրա:

2012 թ. առաջին եռամսյակի համեմատ բորսայական գործարքները նվազել են մոտ 26 %-ով (առաջին եռամսյակում իրականացվել է 1.5 մլրդ դրամի գործարք):

Նվազում արձանագրվել է ռեպո գործարքների, բաժնետոմսերի, պետական պարտատոմսերի մասով: Միայն կորպորատիվ պարտատոմսերի շուկան է աշխուժացել: Առաջին եռամսյակի 31.5 մլն դրամի համեմատ երկրորդ եռամսյակում իրականացվել է կորպորատիվ պարտատոմսերի առուվաճառքի 144 մլն դրամի գործարք:

Նշենք, որ բաժնետոմսերի շուկայի շրջանառությունը 2012 թ. երկրորդ եռամսյակում կազմել է 52.2 մլն դրամ, առաջին եռամսյակի 93.4 մլն դրամի համեմատ, իսկ պետական պարտատոմսերինը` 756 մլն դրամ, առաջին եռամսյակի 958 մլն դրամի համեմատ: