«Հրապարակը» գրում է. «Արդեն երկու օր է՝ ողջ լրատվական դաշտը հեղեղված է ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի եղբոր՝ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եւ Սերոբ Տեր-Պողոսյանի թիմի միջեւ ծավալված տուրուդմփոցով: Բանը հասել է միմյանց տների վրա կրակելուն:
Իսկ Խաչիկյանի հետ առնչվող մեկ այլ աղմկահարույց գործի մասին ոչ մի լուր չկա: Խոսքը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական պետական ծառայությունում բացահայտված չարաշահումների գործի մասին է: Ավելի քան մեկ տարի նախաքննական մարմինը քննում է այս գործը, սակայն վերջը չի երեւում: Սոցիալական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին, ում օրոք կատարվել էին խոշոր չարաշահումները, մեղադրանք չի առաջադրվել, տեղում են նաեւ գրեթե բոլոր տարածքային կառույցների ղեկավարները: Եթե անգամ ձերբակալվածներ են եղել, ապա նրանք ստորագրությամբ բաց են թողնվել:
Գործի վերաբերյալ մանրամասներ փորձեցինք պարզել ոստիկանությունից, որտեղից մեզ ներկայացրին «վիճակագրական տվյալներ»: Պարզվում է՝ մեկ տարվա ընթացքում հարցաքննվել է 7 հազար 775 մարդ, քննական գործից արդեն իսկ անջատվել ու դատարան են ուղարկվել 14 անձանց վերաբերյալ գործեր, որոնց կողմից պատճառված 14, 5 միլիոն դրամի վնասից վերականգնվել է մոտ 12 միլիոն դրամը:
Այս պահին 20 անձանց մեղադրանք է առաջադրվել, որոնցից մեկի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նշենք, որ քսան մեղադրյալների պատճառած վնասը 57 միլիոն դրամ է եղել, որից 28 միլիոնը նախաքննության ընթացքում վերականգնվել է»:


























