Freedom House hեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպության գնահատականով, արդեն 8-րդ տարին անընդմեջ Հայաստանը դասվում է աշխարհի «մասամբ ազատ» երկրների շարքը, ով որեւէ առաջընթաց չի արձանագրում ժողովրդավարության ուղղությամբ եւ տարեցտարի վատթարացնում է ցուցանիշները։ Այս տարվա զեկույցում, ինչպես եւ նախորդ տարի, ՀՀ-ում քաղաքական իրավունքների դրսեւորումն ու պաշտպանությունը գնահատվել է վատագույն յոթ միավորից մեկով պակաս՝ վեց միավոր։ Այսպիսի գնահատական, Freedom House-ի ձեւակերպմամբ, ստանում են, մասնավորապես, «զինվորական խունտաների, միակուսակցական բռնապետների կամ ինքնակալների կողմից կառավարվող երկրները, որտեղ իշխող վարչախմբերը միայն նվազագույն չափով են հանդուրժում քաղաքական իրավունքները»։

Որեւէ բարելավում չի արձանագրվել նաեւ քաղաքացիական ազատությունների պաշտպանության ուղղությամբ. 2002 թվականից մինչեւ օրս, Հայաստանը ստանում է չորս միավոր՝ 7 բալանոց համակարգում, որտեղ մեկը վկայում է քաղաքացիական ազատությունների լիակատար պաշտպանության, յոթը՝ լիարժեք բացակայության մասին։ Արդեն 8-րդ տարին անընմեջ Հայաստանը այն երկրների խմբում է, որտեղ «ընդդիմությունը բռնության ու ճնշումների է ենթարկվում, մամուլը գրաքննվում է, կոռուպցիան՝ ծաղկում»։

«Հայաստանի ցուցանիշները բավական մտահոգիչ են», – հունվարի 12-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Freedom House-ի՝ ուսումնասիրությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերն ու մանրամասնել. «Թեեւ Հայաստանը շարունակում է դասվել մասամբ ազատ երկրների շարքը, սակայն, իրականում գտնվում է մասամբ ազատների եւ ոչ ազատների սահմանագծին»: Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները արդեն մեկ անգամ կորցրել են բարեփոխումներ իրականացնելու բացառիկ հնարավորությունը: «Նախորդ տարիներին, երբ երկիրը վայելում էր տնտեսական աճի բարեբեր պտուղները, ընդհանուր առմամբ, միջազգային հանրության շրջանում ակնկալիքներ կային, որ այդ վերելքը կուղեկցվի նաեւ քաղաքական ազատություններով ու ժողովրդավարական առաջընթացով, ինչը, սակայն, տեղի չունեցավ»,-ասել է Ուոքերն ու հավելել. «Տնտեսական վերելքի այդ տարիները, իսկապես, ժողովրդավարության ուղղությամբ էական բարեփոխումներ արձանագրելու եզակի հնարավորություն էին Հայաստանի համար, եւ, իմ կարծիքով, մի շարք կառույցներ, օրինակ՝ „Հազարամյակի մարտահրավերներ“ կորպորացիան եւս այդ ընթացքում բավական մեծ ուշադրությամբ հետեւում եւ լուրջ փոփոխություններ էր ակնկալում Հայաստանից։ Առաջընթաց, սակայն, տեղի չունեցավ: Մինչդեռ 2008-ի իրադարձությունները, ընդդիմության ցույցերի բռնի ճնշումն ու դրանց հետեւած իրադարձություններն է՛լ ավելի ավելացրեցին Հայաստանում քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների շուրջ մտահոգությունները»։

«Մարտի 1-ի հետ կապված մի շարք հարցեր շարունակում են բաց մնալ: Դրանց թվում են, օրինակ, անկախ փաստահավաք խմբի լուծարումը կամ էլ՝ բռնություններից հետո դատարանների ու իշխանության մյուս օղակների գործունեությունը»,-նշել է նա:

Ընդգծելով, որ Հայաստանում էական խնդիրներ կան նաեւ մամուլի ազատության տեսնակյունից՝ Քրիս Ուոքերն ասել է. «Անցած տարվա ընթացքում մենք լուրջ քայլեր չենք արձանագրել նաեւ այդ հարցերը լուծելու ուղղությամբ: Հաշվի առնելով հեռուստաընկերությունների առատությունը եւ բազմազանությունը՝ մենք, այդուամենայնիվ, կուզենայինք տեսնել առավել ազատ լրատվական դաշտ, որը կարող է այլընտրանքային կարծիքներ առաջարկել քաղաքական նշանակություն ունեցող հարցերի շուրջ եւ որը խոչընդոտների չի հանդիպի գովազդատուներ գտնելիս. նկատի ունեմ ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական խոչընդոտները»:

«Այժմ, երբ Հայաստանը տնտեսական անկում է ապրում, իշխանությունները ստիպված են բարեփոխումների ուղղությամբ է՛լ ավելի լուրջ մարտահրավերներ հաղթահարել։ Դրանք քայլեր են, սակայն, որոնց սպասում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլեւ միջազգային կառույցները», – ընդգծել է նա ու շարունակել. «ԱՄՆ-ի Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան եւս, որն իր ծրագրերը մշակելիս, ի թիվս բազմաթիվ ցուցիչների, հաշվի է առնում նաեւ Freedom House-ի զեկույցները, իմ համոզմամբ, խորը մտահոգությամբ է հետեւում Հայաստանի իշխանություններին, որոնք անկարող են նշանակալից քայլեր ձեռնարկել պատասխանատու եւ թափանցիկ կառավարմանն առնչվող մի շարք կարեւոր ոլորտներում"։

Ընդհանուր առմամբ, զեկույցի համաձայն, աշխարհում ժողովրդավարությունը նահանջ է ապրել՝ արդեն չորրորդ տարին անընդմեջ, ինչը ամենաշարունակական անկումն է՝ հետազոտության իրականացման 40-ամյա պատմության մեջ։