Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հնարավոր է, որ Ռուսաստանին առաջարկի մասնակցել Nabucco գազամուղի կառուցման նախագծում։ Այս մասին հաղորդում է թուրքական Today`s Zaman պարբերականը։ Թե ի՞նչ տարբերակով Ռուսաստանը պետք է մասնակցի նախագծին, պարբերականը չի մանրամասնում։ Ընդ որում, թուրք փորձագետները կարծում են, որ Մոսկվայի մասնակցությունը Nabucco-ին կարող է միջինասիական գազի արտահանման եւս մեկ շահեկան ուղի բացել։

«Ուկրաինայի նոր նախագահ ընտրելու խնդիրը լուծելուց հետո, „Հարավային հոսք“ նախագիծը հնարավոր է, որ չեղյալ համարեն։ Եթե Կիեւում ընտրվի Մոսկվայի նկատմամբ ավելի լոյալ նախագահ, էլ ինչու՞ ծախսել 25 մլրդ եվրո ջրային երթուղի կառուցելու համար»։ Այսպիսի կարծիք է հայտնել Թուրքիայի ռազմավարական հետազոտությունների ուսումնասիրման կենտրոնի նախագահ Սինան Օհանը։ Նրա խոսքով, Ռուսաստանի վարչապետի Անկարա այցելության ժամանակ Թուրքիան տվել է իր համաձայնությունը մասնակցելու «Հարավային հոսք» ծրագրին միայն այն պատճառով, որ այն հետագայում չեղյալ համարվի։

«Այժմ Ռուսաստանին ոչինչ չի խոչընդոտում մասնակցել Nabucco նախագծին, մանավանդ, որ նախագիծը լուրջ փոփոխությունների է ենթարկվել անցած կես տարվա ընթացքում։ Նախկինում Ռուսաստանը հույսը դրել էր ադրբեջանական եւ միջինասիական գազի մատակարարման վրա եւ պատրաստ է գնել Ադրբեջանի ողջ չօգտագործվող գազը, սակայն տրասնկասպյան համապատասխան գազամուղ դեռ չկա։ Իսկ Nabucco-ն այսօր հիմնվում է եգիպտական, իրանական եւ իրաքյան գազի վրա։ Եւ փոխարեն Թուրքիան մրցակցի Կասպյան տարածաշրջանում, առաջարկում է Ռուսաստանին՝ միասին հանդես գալ, որպեսզի Չինաստանին չզիջեն միջինասիական գազը»,- կարծում է փորձագետը։

Միեւնույն ժամանակ, ինչպես գրում է «Коммерсант»-ը, Մոսկվան ոչ միայն պատրաստ չէ հրաժարվել «Հարավային հոսք» ծրագրից, այլեւ ընդհակառակը՝ արագացնում է նրա իրականացումը։ Այս օրերին «Գազպրոմը» Հունգարական զարգացման բանկի հետ համատեղ Հունգարիայի տարածքում կառուցում է «Հարավային հոսք» -ի մի ճյուղը։

Պարբերականը հաղորդում է, որ այսօր Վլադիմի Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկելու են հետագա համատեղ ծրագրեր եւ հնարավոր է, որ որոշվեն «Հարավային հոսք»-ի եւ Nabucco-ի ճակատագրերը։