Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ Լեւոն Սարգսյանի եւ Սեյրան Սարոյանի ու նրանց թիկնապահների միջեւ հունվարի 11-ի գիշերը «Ջիանի» ռեստորանային համալիրում ծեծկռտոք եւ հրաձգություն է եղել:
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ նույն օրը, ժամը 04.00-ին, Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող «Ջիանի» ռեստորանային համալիրում մի խումբ անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ` կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, վիճաբանել Գրիգոր Ս.-ի հետ, ծեծի ենթարկել նրան եւ անկանոն կրակ արձակել հաստատության ներսում: Նույն օրը, ժամը 06.00-ին, բաժին են ներկայացել 1982 թ. ծնված Հայկ Մ.-ն, 1982 թ. ծնված Ռոման Մ.-ն եւ 1984 թ. ծնված Սարո Թ.-ն` հայտնելով, որ «Ջիանի»-ում իրենք են ծեծի ենթարկել Գրիգոր Ս.-ին:
«Հայկական ժամանակ» օրաթերթի տվյալներով, վիճաբանողները եղել են Լեւոն Սարգսյանի եւ գեներալ Սեյրան Սարոյանի մտերիմները: Ըստ թերթի տեղեկությունների, ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը երեկ բերման է ենթարկել Սարոյանի 3 տղաներին, ովքեր ձերբակալվել են: Կրակոցների ժամանակ տուժել է Գլորիայի Գրիշը՝ Ալրաղացի Լյովիկի մտերիմներից, ում պատկանում է «Գլորիա» խաղատունը: Թերթի տեղեկություններով, դեպքի վայրում է եղել նաեւ Լեւոն Սարգսյանը, որը հասցրել է փախչել: Միջադեպը տեղի է ունեցել, երբ Լեւոն Սարգսյանի մտերիմները վիրավորել են գեներալի բարեկամներից մեկին:
«Հրապարակի» տեղեկություններով «Ջիանիում» նաեւ ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ըստ թերթի, նպատակը մեկն է՝ Սեյրան Սարոյանին սադրանքների մեջ ներքաշել, նրա եւ նրա տղաների՝ Էջմիածնի երկրապահ կամավորականների, նկատմամբ հետապնդումներ սկսել:
Հիշեցնենք, որ Սեյրան Սարոյանն ԱԺ այն հանրապետական պատգամավորներից էր, որ ստորագրել էին Սասուն Միքայելյանին ազատ արձակելու խնդրագրի տակ, եւ միակն էր, որ համարձակություն էր ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին ասելու, որ «լավ է արել»:




























