Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան դիտորդները հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում անցկացված Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններում ականատես են եղել բազմաթիվ խախտումների: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնել է դեսպանատան մամուլի քարտուղար Թոմաս Միթնախթը:

Ըստ Միթնախթի՝ արձանագրած խախտումներն են ընտրողներին ահաբեկելը, լրագրողներին եւ դիտորդներին ուղղված բանավոր եւ ֆիզիկական սպառնալիքները, որոշ դեպքերում` չհավատարմագրված եւ չքվեարկող անձանց` «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածուի համակիրների կողմից, ընտրական գործընթացի ակնհայտ կառավարումը տեղական ընտրական հանձնաժողովների լիազորված անդամների փոխարեն:

Դեսպանատունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում «հետաքննել բոլոր խախտումները, որոնց մասին հաղորդվել է, բռնությունների մասին պնդումները, արագորեն պարզել դրանց համար պատասխանատուների ինքնությունը եւ գործ հարուցել նրանց նկատմամբ»,- նշել է պաշտոնյան եւ հավելել. «Մենք ուրախ ենք տեսնել, որ պահանջված վերահաշվարկները ընթանում են որոշ տեղամասերում, եւ հորդորում ենք իշխանություններին` դիտարկել այն տեղամասերում արդյունքները չեղյալ հայտարարելու հարցը, որոնցում քվեարկության նորմալ ընթացքը խաթարված էր»:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ին կայացած ընտրություններում հաղթանակ էր տարել «Ազգային Միաբանություն» կուսակցության թեկնածուն՝ Արա Սիմոնյանը՝ ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին հաղթելով 2 հազար ձայնի տարբերությամբ: