Եթե համադրենք Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները, որ հնչեցին նախօրեին, կարող է տպավորություն ստեղծվել, թե հայ-թուրքական երկխոսությունը մտել է բացարձակ փակուղի եւ դժվար թե դուրս գա այնտեղից: Ի սկզբանե պարզ էր, որ Հայաստանը Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման այդ խիզախ նախաձեռնություններում խորհրդակցում էր Մոսկվայի հետ՝ հնարավոր ռիսկերի կապակցությամբ: Գլխավոր ռիսկը նրանում էր, որ Թուրքիան կկառչի ղարաբաղյան խնդրից։ Այդպես էլ եղավ:

Եւ ահա Ռուսաստանի վարչապետը նախօրեին հայտարարեց, որ մարտավարական եւ ռազմավարական սխալ է համարում երկու խնդիրների շաղկապումը՝ հայ-թուրքական եւ ղարաբաղյան: Պուտինի հայտարարությունը հնչեց նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի Մոսկվա այցի օրը: Ինքը՝ Էրդողանը բարձրացնում է երկու խնդիրներն ու շաղկապում առանց հոգնելու:

Նույնը արվել էր Թուրքիայի վարչապետի վերջերս ԱՄՆ կատարած այցելության ժամանակ։ Սակայն Միացյալ Նահանգների ներկայացուցիչները եւս հանրորեն հակված չեն միմյանց շաղկապել երկու խնդիրները՝ դրանով իսկ ստեղծելով պիրկ եւ չբացվող հանգույց։

Սակայն չվհատվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլուն, ով սկզբից խաղում էր խաղաղարարի եւ «սպիտակ աղավնու դեր», օր օրի ավելի խիստ երանգ է տալիս իր ճարտասանությանը։

Լոնդոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Դավուդօղլուն հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը իմաստազրկվել է, քանի որ Հայաստանը բռնազավթել է ադրբեջանական հողերի 20 տոկոսը։

Խոսելով Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունների վավերացումից, նա ասել է, որ նման պայմաններում դրա մասին անգամ խոսք չի կարող լինել. «Իմաստ չունի պայքարել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար, երբ Հայաստանը նման ագրեսիա է դրսեւորում»։

Հիրավի, իրականում գործընթացը իմաստազրկվում է ե՛ւ մարտավարական ե՛ւ ռազմավարական առումներով։ Թուրքիան ընդամենը փորձում է խառնվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործին, ոչինչ ավելի։ Հայկական կողմը, որը բառի բուն իմաստով քարշ է տալիս արձանագրությունները հանրային անհամաձայնության ժանիքներով, պետք է կանգ առնի եւ հարցնի թուրք գործընկերներին, ինչի են փորձում նրանք հասնել… Ինչպես նաեւ նշի գործընթացի շարունակման տեխնիկական նախապայմանը, այն է՝ Թուրքիայի կողմից ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն չտալը, քանի որ այդպես նա խանգարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին։

Արմեն Գեւորգյան