Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին կայացած ընտրությունները անվավեր ճանաչվեցին երկու՝ թիվ 10/15 եւ թիվ 10/19 տեղամասերում":
Թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, քիչ առաջ քննության առնելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանի վստահված անձանց դիմումները, նման որոշում է կայացրել:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին հենց այս տեղամասերում էին գրանցվել ամենաշատ ապօրինություններն ու բռնությունները լրագրողների, վստահված անձանց եւ դիտորդների նկատմամբ: Մասնավորապես՝ 114 դպրոցում տեղակայված թիվ 19 ընտրատեղամասում հունվարի 10-ին բռնության էին ենթարկվել լրագրողներ Գագիկ Շամշյանը, Անուշ Մարտիրոսյանը, Հայկ Գեւորգյանը, իրավապաշտպաններ եւ վստահված անձինք: Նույն ընտրատեղամասում մոտ մեկ ժամով դադարեցվել էր ընտրությունը, քանի որ այնտեղից կորել էին քվեաթերթիկներն ու գրանցամատյանը: Ի դեպ, երկու տեղամասում էլ ընտրողների ամենամեծ «մասնակցությունն էր գրանցվել», թիվ 15-ում՝ 582, թիվ 19-ում՝ 599 ընտրող:
10-րդ ԸԸՀ-ն, սակայն մերժել է անվավեր ճանաչել 10/34 ընտրատեղամասի արդյունքները՝ պատճառաբանելով, որ այդ տեղամասի վերաբերյալ դիմումի մեջ մատնանշված են բռնությունների, այլ ոչ կոնկրետ ընտրակեղծիքների փաստեր, որոնցով պետք է զբաղվեն իրավապահները:
Հիշեցնենք, որ ընտրություններում հաղթանակ է տարել «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանը: Այս երկու տեղամասի արդյունքները պետք է հանվեն թեկնածուների ձայների ընդհանուր քանակից:




























