«Միջազգային պրակտիկայում ընդունված չէ, որ երկկողմ պայմանագրերը վավերացվեն վերապահումներով: Երկկողմ պայմանագրերի վրա վերապահումներ տարածելը անիմաստ է եւ անհեթեթ»,- հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ հավելելով, որ վերապահումներ ընդունված է կիրառել միայն բազմակողմ պայմանագրերի դեպքում` 1969 թվականին ընդունված Վիեննայի կոնվենցիայի հիման վրա:
«Պատկերացրեք, որ պայմանավորվում ենք ինչ-որ հարցերի շուրջ, իսկ դրանից 5 օր հետո զանգահարում ենք ու ասում, որ վերապահումներ ունենք: Այդ դեպքում մեզ կարող են ասել, եթե վերապահումներ ունեիք, բանակցությունների ժամանակ այդ մասին ասեիք»,- ասաց Վ. Պողոսյանը՝ խոստովանելով սակայն, որ պատմության մեջ եղել են դեպքեր, երբ երկկողմ պայմանագրերի ժամանակ վերապահումներ են եղել:
Սահմանադրագետը նկատեց նաեւ, որ եթե անգամ ՀՀ ԱԺ-ն վերապահումներով ընդունի հայ-թուրքական արձանագրությունները, Թուրքիան կարող է դրանք չընդունել եւ այդ դեպքում այդ վերապահումները իրավական առումով ոչ մի նշանակություն չեն կարող ունենալ: Իսկ Թուրքիան, որն այսօր գնում է նախապայմաններ դնելու ճանապարհով, որոնք ըստ էության վերապահումներ են, «մեծ խնդիրներ է ունենալու»:
Իսկ ՍԴ միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Վլադիմիր Վարդանյանն էլ նկատեց, որ թեեւ միջազգային իրավունքով երկկողմ պայմանագրերի ժամանակ վերապահումները չեն արգելվում, սակայն դրանք անհասկանալի կլինեն բոլորի համար:




























